Ծառուկյանի գործը պետք է հարուցվեր ու քննվեր ՀՔԾ-ում, ԱԱԾ-ի քննությամբ մեղադրանքն ու կալանքի միջնորդությունն ապօրինի է

Այս մասին սահմանումը տալիս է Քրեական դատավարության 190-րդ հոդվածը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի կարող կալանավորվել Ազգային անվտանգության ծառայության քննիչի միջնորդության, ինչպես նաև ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով։ Այս մասին սահմանումը տալիս է Քրեական դատավարության 190-րդ հոդվածը։

Այսինքն, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով, որով մեղադրանք է առաջադրված Գագիկ Ծառուկյանին, որի նախաքննությունը կատարում է ԱԱԾ-ն, չի կարող օրինական լինել, որովհետև մեղադրանքի հոդվածով գործը պիտի լինի բացառապես Հատուկ քննչական ծառայության տիրույթում։

Ծառուկյանի դեպքում մեղադրանքի որոշումը կայացրել է և խափանման միջոց կալանքի  միջնորդությունը դատարան ներկայացրել է ԱԱԾ քննիչը, այսինքն դրանք ապօրինի են, հոդվածը ԱԱԾ-ի վարույթում չի կարող լինել։

Քրեական դատավարության 190 հոդվածի 6-րդ կետը սահմանում է, որ մեղադրանքի հոդվածի նախաքննությունը Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 1541 , 1542, 154.9, 314.2, 314.3, 310.1 հոդվածներով կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները:

Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել և հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք առնչվում են սույն մասում թվարկված պաշտոնատար անձանց հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններին, կամ որոնցով այդ անձինք ճանաչված են որպես տուժող, ինչպես նաև ցանկացած այլ քրեական գործ, եթե դրա փաստական հանգամանքներով պայմանավորված` առկա է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտություն:

10-րդ կետով տարբեր պետական մարմինների քննիչներին ենթակա հանցագործությունների վերաբերյալ գործերը մեկ վարույթում միացնելու կամ գործի քննության ընթացքում այլ քննիչին ենթակա և սույն հոդվածի ութերորդ մասով չնախատեսված հանցագործության բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է դատախազը:

Այս կարգը չի տարածվում սույն հոդվածի 6-րդ և 6.1-ին մասերով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի վրա, որոնցից 6-րդ մասով նախատեսված քրեական գործերի նախաքննությունը կատարում են բացառապես հատուկ քննչական ծառայության քննիչները, իսկ 6.1-ին մասով նախատեսված քրեական գործերի նախաքննությունը կատարում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննիչները: