Կարծում եմ՝ իրավապահ մարմիններին պետք է թույլ տանք անկաշկանդ կերպով իրականացնեն գործողություններ. Մակունց

Հարցը, թե ինչու գործ չի հարուցվում Սամվել Ալեքսանյանի և Արտակ Սարգսյանի նկատմամբ, պետք է ուղղեք իրավապահ մարմիններին

«Խորհրդարանը մեկ գործառույթ է իրականացնում՝ տա՞լ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հնարավորությունը, թե՞ ոչ։ ԱԺ պատգամավորներն այն անձինք չեն, որոնք հսկողություն են սահմանում, թելադրում կամ ճնշում են գործադրում իրավապահ համակարգի վրա:

Հետևաբար՝ հարցը, թե ինչու գործ չի հարուցվում Սամվել Ալեքսանյանի և Արտակ Սարգսյանի նկատմամբ, պետք է ուղղեք իրավապահ մարմիններին: Մենք այս պահին իրականացնում ենք մեկ գործառույթ, որը բխում է մեր լիազորություններից»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե ընտրակաշառքի համար ինչու չեն ձերբակալում Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի Արտակին, և Սամվել Ալեքսանյանին, քանի որ նրանց կողմից ընտրակաշառք տալու վերաբերյալ եղել են նույնիսկ ձայնագրություններ:

Իշխանական խմբակցության ղեկավարը կոչ արեց, որպեսզի բոլորը հստակորեն սահմանազատեն քաղաքական և իրավական գործընթացները»,- ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

 Մակունցն ասաց, որ վերահաստատում է նախկինում իր արած հայտարարությունն առ այն, որ Գագիկ Ծառուկյանը հունիսի 5-ին իր հայտնի հայտարարությունն արել է, երբ արդեն ինչ-որ հանգամանքներում նրան տեղեկություններ էին հասել, որ իր հետ կապված իրավական դաշտում կան որոշակի խնդիրներ, և ԲՀԿ-ն այս ամենը որակեց՝ որպես քաղաքական հետապնդում:

«Կարծում եմ՝ մենք բոլորս պետք է ցուցաբերենք համբերատարություն և իրավապահ մարմիններին թույլ տանք անկաշկանդ կերպով իրականացնեն գործողություններ: Տեղյակ չեմ եղել, որ ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են ԱԺ շենքը և Գագիկ Ծառուկյանին ուղեկցել են Ազգային անվտանգություն, ինչպես գրում է մամուլը»,- հավելեց Լիլիթ Մակունցը: