Քաղաքացիական հագուստով ոստիկանների կներգրավվենք՝ հակահամաճարակային կանոնների պահպանման գործում․ Փաշինյան

Մենք գործում ենք 100 տոկոսով թափանցիկ

Այսօր Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավվեն քաղաքացիական հագուստով ոստիկանների, որոնք անձամբ գործողություն չեն անի, բայց մոտակա կարգախմբերին կհրավիրեն, որպեսզի այդ կարգախմբերը կանոնները չպահող քաղաքացիների նկատմամբ կիրառեն վարչական պատասխանատվության մեթոդներ:

Վարչապետը հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումներում ներգրավված քաղաքացիներին կոչ արեց անհրաժեշտության դեպքում դիմել ոստիկանությունը։

Լրագրողի հարցին՝ թե ստեղծված իրավիճակի համար հաճախ եք մեղադրում  քաղաքացիներին, մի քանի օր առաջ Արսեն Թորոսյանը խոստովանեց, որ սխալներ եղել են և կա՞ն տվյալներ, թե ինչքանով են դրանք նպաստել ստեղծված վիճակի առաջացմանը, վարչապետը նշեց, որ ինքը քաղաքացիներին որևէ բանի մեջ չի մեղադրում, այլ փորձում է օգնել քաղաքացիներին և կառավարությանը, որ լավ հասկանան իրավիճակի հետագա բարդացումը:

«Պարետատան նիստերում քննարկում ենք, թե կառավարության գործողությունների մեջ ի՞նչ չհամակարգվածություններ են եղել, և աշխատում ենք այդ խնդիրները վերացնելու համար: Իմ հիմնական թեզը հետևայալն է․ այս խնդիրը հնարավոր է լուծել կառավարություն- հանրություն զանգվածային համագործակցության միջոցով: Կորոնավիրուսը անսպասելի է եղել  ամենազարգացած երկրների համար: Մենք այս առումով գործում ենք 100 տոկոսով թափանցիկ: Մենք մեր բացթողումներն, անհաջողությունները թաքցնելու խնդիր չունենք, ուզուոմ ենք մեր իրավիճակը ճիշտ ախտորոշել և լուծումների գալ: Ի վերջո քաղաքացին է դառնում այս իրավիճակի թիվ մեկ զոհը: Ինչպե՞ս կարելի զոհին մեղադրել այն իրավիճակի համար, որում հայտնվել է»:

 

1