Ի՞նչ երաշխիքի հիման վրա է բանկը 60 մլն դոլար տրամադրելու նորաստեղծ կազմակերպությանը․ Դ․ Խաժակյանը՝ Եսայան եղբայրների կողմից Բիլայնը գնելու մասին

Ucom-ից հեռացած Հայկ և Ալեքսանդր Եսայանների նախաձեռնությամբ ՏՄՊՊՀ-ն դիտարկում է գնման հարցը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով տեղեկությանը, թե «Թիմ» ՍՊԸ-ն բանակցություններ է սկսել Բիլայն ապրանքանիշի ձեռքբերման գործարքի շուրջ։

Դավիթ Խաժակյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Օրերս տեղեկացանք, որ նորաստեղծ «Թիմ» ՍՊԸ-ն բանակցություններ է սկսել «Վեոն Արմենիայի» հետ Բիլայն ապրանքանիշի ձեռքբերման հնարավոր գործարքի շուրջ: Ucom-ից հեռացած Հայկ և Ալեքսանդր Եսայանների նախաձեռնությամբ ՏՄՊՊՀ-ն դիտարկում է գնման հարցը:

«Թիմ» ՍՊԸ-ի կողմից «Վեոն Արմենիայի» գործարքի հնարավոր գինը 60,000,000 դոլլար է ըստ տարբեր գնահատումների, ու եթե կանխավճարը կա գործընթացի մեկնարկի համար, ուրեմն կա նաև համապատասխան գումարը կամ դրա ստացման ակնկալիքը:

Նկատի ունենալով, որ խոսքը գնում է հեռահաղորդակցության ոլորտում վերաբաշխումների մասին, կարծում եմ պետք է ապահովվի առավելագույն թափանցիկություն և հանրությունը իմանա, թե ի՞նչ միջոցներով է կատարվելու այդ գործարքը:

Եթե դա վարկ է, ապա ինչի՞ գրավադրմամբ կամ ի՞նչ երաշխիքի հիման վրա է առևտրային բանկը տրամադրելու այդ միջոցները նորաստեղծ կազմակերպությանը, որը, թեև ունի բարի համբավ, սակայն իր ծավալների համատեքստում ըստ անզեն գնահատումների չի տիրապետում այդպիսի ռեսուրսների:

Հաշվի առնելով հարցի ստրատեգիական բնույթը լրատվամիջոցների եւ իրավապահների ուշադրությունն եմ հրավիրում այս գործընթացի վրա, և «Թիմ»-ից ակնկալում եմ պարզաբանում ստանալու այն մասին, թե որո՞նք են իր ֆինանսական աղբյուրները եւ ի՞նչ հենքով կամ ինչի՞ գրավադրմամբ է «Թիմ» ՍՊԸ-ն վարկավորում ստանում։