Անհատ սպառողների համար գազի գինը չի թանականա, իսկ այլ սպառողների համար թանկացման հնարավորություն կա

Սահմանին գազի գնի շուրջ բանակցությունները ընթացել են, ընթանում են եւ դա լինելու է մշտական պրոցես

Անհատ սպառողների համար գազի գինը չի թանականալու առնվազն այս պահին, եւ կարծում եմ, կան բավարար ռեսուրսներ եւ բավարար գործիքակազմ,  որ դա տեղի ունենա: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Եթե սահմանին գազի գնի փոփոխություն տեղի չունենա, ապա ոչ էական չափով այլ սպառողների համար թանկացման հնարավորություն կա», – նշեց նա: Իսկ ահա սահմանին գազի գինը չթանկացնելու շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները, ըստ փոխվարչապետի, դեռ շարունակվում են:

«Սահմանին գազի գնի շուրջ բանակցությունները ընթացել են, ընթանում են եւ դա լինելու է մշտական պրոցես, որովհետեւ ցավոք սրտի մենք սահմանին գազի գնի ձեւավորման միասնական ինստիտուցիոնալ մեխանիզմ չունենք եւ դա է պատճառը, որ մենք այդ խնդիրը ներառել ենք ԵԱՏՄ օրակարգի ամենաբարձր մակարդակում»,- նշեց Գրիգորյանը: