Այսօր օրվա առաջին կեսի դրությամբ ոստիկանները տուգանել են 1800 քաղաքացու. Փաշինյան

Այս թիվը ես ցավով եմ ասում, մեր նպատակը որևէ մեկին տուգանելը չէ

«Ըստ էության՝ մենք հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրը տեսնում ենք, որ ամեն օրվա հետ ավելի փոքրանում է: Եվ եթե մենք միասին պահպանենք այս միտումը, առաջինը կլուծենք հոսպիտալացման հետ կապված խնդիրներն ամբողջ ծավալով ու կանցնենք կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման, ավելի ճիշտ՝ զրոյացման փուլին»: Այս մասին այսօր պարետատան ճեպազրույցի ժամանակ ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ այս ամենը տեղի կունենա, եթե համաճարակային կանոնները խստիվ պահպանվեն և հիմա ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը կրում է դիմակ ու պահպանում կանոնները, բայց դեռ ցանկալի արդյունք չունենք: Վարչապետը շեշտեց՝  այսօր ամբողջ Հայաստանում օրվա առաջին կեսի դրությամբ ոստիկանները տուգանել են 1800 քաղաքացու՝ դիմակ կրելու կանոնները չպահպանելու համար:

«Այս թիվը ես ցավով եմ ասում, մեր նպատակը որևէ մեկին տուգանելը չէ: Իշխանության խնդիրն է այս ձևով հստակ ուղերձ հղել, որ հակահամաճարակային կանոնների նկատմամբ հսկողությունը՝ գնալով  խստանալու է, և քաղաքացիներն իրենք պահպանեն կանոնները, ոչ թե տուգանվելու վախից կամ տհաճությունից, այլ որ այդպես պահպանեն իրենց, հարազատների և այլ քաղաքացիների առողջությունը»: