Հայաստանի ուժային կառույցներում այսօր աննախադեպ պաշտոնանկություններ եղան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքից հեռացրեց ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, ոստիկանապետ Արման Սարգսյանին և Զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանին: Պատճառն արտակարգ դրության կանոնների խախտումն էր:
Արտակ Դավթյանն անտեսել էր պարետի որոշումները և որդու հարսանյաց հանդեսը կազմակերպել: Խնջույքին մասնակցել էին նաև ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և ոստիկանապետ Արման Սարգսյանը: Նրանք պաշտոնյաներ էին, որոնք արտակարգ դրության կանոնների պահպանման առաջնային պատասխանատուների թվում էին:
Վարչապետը պարետատան ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով պաշտոնանկության պատճառներին՝ հենց այդ հանգամանքն ընդգծեց՝ հավելելով․ բարձրաստիճան պաշտոնյաները իրեն գործողություններով հակասել են վարչապետի ուղերձներին:
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ուժային կառույցների՝ հատկապես ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավարները պաշտոնանկ են արվում այն զարգացումների շրջանում, երբ ընդդիմադիր դաշտը՝ այդ թվում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանի՝ հետախուզման մեջ գտնվող փեսա Միքայել Մինասյանը, Արթուր Վանեցյանը պահանջում են վարչապետի հրաժարականը:
Հիշեցնենք նաև, որ ԱԱԾ տնօրենի հրաժարականի մասին դեռ մեկ ամիս առաջ էր խոսվում: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ վարչապետն անվստահություն ունի ուժային կառույցների նկատմամբ և ընդդիմադիրների կողմից՝ իր հրաժարականը պահանջելու ֆոնին փոփոխություններ է անում:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը զարմանում է, որ հանրությունը զարմացել է այս պաշտոնանկություններից։ Պապիկյանը շեշտում է՝ ինչպես իր, այնպես էլ մյուսների պաշտոնները հավերժ չեն։ Իսկ թե արդյոք մտավախություն ունեին, որ ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը հեղաշրջման մասնակից կդառնային, Սուրեն Պապիկյանը ուղիղ պատասխան չտվեց, միայն ասաց՝ կպատժեն:
Հավելենք, որ վարչապետի առաջարկով և նախագահի հրամանով ԱԱԾ տնօրեն է նշանակվել Արգիշտի Քյարամյանը, Ոստիկանապետ է նշանակվել Վահե Ղազարյանը, և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ՝ Օնիկ Գասպարյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: Նարեկ Կիրակոսյան
Factor.am
0Comments