Ծառուկյանը իշխանափոխության հայտ է ներկայացնում

Ինքը հիմա նախկին Նիկոլ Փաշինյանը չէ․ Արմեն Բադալյան

Վարչապետի մամուլի խոսնակի  ֆեյսբուքյան գրառումը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին ի պատասխան, շանտաժ էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Դա շանտաժի էր նմանվում, որովհետեւ եթե շանտաժ չլիներ, երկու տարի ժամնանակ ուներ վարչապետն իր ասածն ապացուցելու, սակայն  2 տարվա ընթացքում ընտրակեղծիքների որեւէ դեպք չի բացահայտել: Իրավապահ համակարգն էլ վնգստացողների համակարգ է, սա նշանակում , որ եթե իրականում փաստ կա, նա կարող է բացահայտել, սակայն խնդիրն այն է, որ նա չի կարողանում բացահայտի: Ինքը հիմա նախկին Նիկոլ Փաշինյանը չէ, սա է, որ ինքը չի հասկանում»:

Արմեն Բադալյանը նշեց, որ Ծառուկյանը իշխանափոխության հայտ է ներկայացնում, թե գործընթացները ոնց կզարգանան, դա արդեն անկանխատեսելի է:

«Նա հիմա ասում է, որ  պետք է փոխվի Կառավարությունը, թե սրան  ակտիվ գործողություններ կհարջորդեն, թե չէ, չեմ կարող ասել: Մեկ շաբաթից արտակարգ դրությունը ավարտվում է եւ եթե վերացվեց արտակարգ դրության ռեժիմը, շատ ակտիվ քաղաքական գործընթացներ կարող են սկսվել»,-ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե որ կուսակցությունների հետ կարող է համագործակցել Ծառուկյանը, նա նշեց, որ այդքան էլ շատ չեն ուժերը, որոնց հետ կարող է Ծառուկյանը համագործակցել, սակայն պետք է կենտրոնանալ ոչ թե քանակի այլ որակի վրա. «Եթե նույնիսկ 3-4 ուժով կարողացան միավորվել ուրեմն  վարչապետի դիրքերը թույլ են»: