Անգամ Արցախի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներն են հերքում՝ «5-րդ ալիքի» Հ/Ը-ի փակվելը, իսկ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում էր՝ փակվել է «5-րդ ալիքը», եւ իրական փոփոխությունները սկսվում են Արցախից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «5-րդ ալիքի» Հ/Ը-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ից Արցախում դադարեցվել է հայկական 5 ալիքի հեռարձակումը, որոնց թվում են «5-րդ ալիքը», «Շողակաթը», «Ա ԹԻ ՎԻ» հեռուստաընկերությունները:
«Արմեն Բաբաջանյանը դա իր կյանքի նպատակն է դարձրել։ «5-րդ ալիքի» դեմ նմանատիպ քայլերն արվում են հատուկ հրահանգով եւ ոչ միայն «5-րդ ալիքի» դեմ, այլ նաեւ «5-րդ ալիքի» գործադիր տնօրենի դեմ։ Այդ մարդկանց տարողությունն ու շնորհքն այդքան է, նրանք դրանից ավելին չեն կարող անել»։
Հ/Ը-ի գործադիր տնօրենը պատմեց, թե ինչպես է տեղեկացել, որ Հ/Ը-ի հեռարձակումն Արցախում դադարեցվել է.
«Դեռ մայիսի 28-ին այդ տեսակ լուր ստացա, որ հունիսի 1-ին անջատվելու է, սակայն լուրջ չընդունեցի։ Հունիսի 1-ից Արցախից սկսեցին զանգահարել, թե ինչու չի հեռարձակվում «5-րդ ալիքը», կապվեցի մեր թղթակցի հետ, նա ասաց՝ այո, հիմա չի հեռարձակվում, եւ փորձում են ճշտել, հետո հետ զանգահարեց ու ասաց, որ իրեն ասում են՝ տեխնիկական խնդիր է։ Ես ասացի՝ բայց ինձ 2 օր առաջ ասել էին, որ դադարեցվելու է ամսի 1-ին։ Մայիսի 28-ին ինձ այդ լուրը հասել էր հենց այդ հայտնի պատգամավորի շրջանակից։ Այսինքն, որ ամսի 1-ին պետք է տեխնիկական խնդիր առաջանար, արդեն այդ մարդը գիտեր։ Ամսի 1-ից երբ դադարեցվեց, ես սկսեցի զբաղվել այդ խնդրով, պատգամավորը երեկոյան գրեց՝ փակվել է «5-րդ ալիքը» եւ իրական փոփոխությունները սկսվում են Արցախից։ Արցախից որեւէ պաշտոնյա ինձ չի ասել, որ դադարեցվել է, ինձ ասել են՝ տեխնիկական խնդիր է։ Ես հասկանում էի, որ տեխնիկական խնդիրը մարդիկ 2 օր առաջ չեն իմանում։ Ես մանկապարտեզից չեմ եկել հեռուստատեսություն, կյանքից մեծ հատվածն անցկացրել եմ հեռուստատեսությունում, եւ այդ «տեխնիկական խնդիր» հասկացությունն էլ եմ լավ հասկանում»։
Անդրադառնալով նաեւ «Շողակաթ» Հ/Ը-ի եւ մյուս հայկական ալիքների հեռարձակման դադարեցմանը՝ Հարությունյանն ասաց. ««Շողակաթ» Հ/Ը-ի մասով էլ իմ անձնական կարծիքը կարող եմ հայտնել, որ հասարակությունն էլ է տեսել՝ եկեղեցին 2 տարվա ընթացքում ինչպիսի հալածանքների է արժանացել։ Երկրորդն էլ կարող է լինել այն, որ մի 2 հատ էլ ալիք անջատենք, որ հետո արդարանալու խնդիր չունենանք։ Բոլոր ալիքները նույն սարքի մեջ են, եթե այս սարքը վնասվել է, ապա Հայաստանից հեռարձակվող բոլոր ալիքները, բացի Հ1-ից, պիտի անջատվեին»։
0Comments