Փաշինյանը հրահանգել է Անանյանին՝ պատասխանատվության ենթարկել շարքային մաքսավորների, Անանյանը հրաժարվել է

Չի բացառվում, որ Անանյանը նման քայլով փորձել է խուսափել պատասխանատվությունից՝ ցանկանալով համակարգից հեռանալ  «պլանները լավագույնս կատարած» հարկահավաքի համբավով

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականը ճգնաժամային իրավիճակում գտնվող պետության համար լուրջ հարված է։ Բյուջեի եկամտային մասը ապահովող օղակի ղեկավարի անսպասելի հրաժարականը, սակայն, կարող է մի քանի պատճառ ունենալ։

Դեռևս ապրիլին ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ ՊԵԿ–ը այս տարվա ընթացքում չի կարողանալու հավաքագրել 2020թ. պետական բյուջեով նախատեսված 169 մլրդ դրամ հարկերը, այդ իսկ պատճառով կառավարությունը ավելացրեց պետական պարտքը, մասնավորապես, շաբաթներ առաջ 280 մլն դոլար վարկ վերցնելով Արժույթի միջազգային կազմակերպությունից (ԱՄՀ) , իսկ այսօր էլ ահա նույն այդ կառույցից  լրացուցիչ պարտք վերցնելու որոշում կայացվեց։

Ակնհայտ է, որ նույնիսկ մեծածավալ ՀԴՄ ստուգումների միջոցով  հնարավոր չէ լրացնել այդ բացը, քանի որ տնտեսության մեջ ստվերի ծավալը անսահմանափակ չէ, որպեսզի անընդհատ կրճատելով փորձես հարկային մուտքեր ապահովել։

Եթե անցած երկու տարիներին Անանյանին հաջողվեց գերակատարել բյուջեի մուտքերը՝ մեծամասամբ  ստվերի կրճատման հաշվին և դրանով արդարացնել միլիոնավար դրամների հասնող պարգևավճարների բաշխումը, ապա կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային իրավիճակում նման մուտքեր ապահովելը պարզապես անհնար է։

Չի բացառվում, որ Անանյանը նման քայլով փորձել է խուսափել պատասխանատվությունից՝ ցանկանալով համակարգից հեռանալ  «պլանները լավագույնս կատարած» հարկահավաքի համբավով։

Հրաժարականի հնարավոր պատճառներից մեկն էլ կառավարությունում առկա տարաձայնություններն են։ Դավիթ Անանյանը լուրջ հակասություններ ուներ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ, որն անընդհատ ՊԵԿ–ի համար հարկային հավաքագրման բարձր ցուցանիշներ էր սահմանում և  դեմ էր Գյումրու ազատ տնտեսական գոտու ստեղծմանը, որի կառուցման համար նախատեսված էր շուրջ 6 մլրդ դրամ։

Անանյանը բազմիցս դեմ է արտահայտվել կառավարության հարկային քաղաքականությանը, հատկապես համահարթ եկամտային հարկի քաղաքականությանը, ինչի արդյունքում հունվարի 1–ից կտրուկ նվազեցին եկամտային հարկից մուտքերը պետական բյուջե։ Իսկ վերջին շաբաթներին բուռն քննարկումների առիթ հանդիսացած մաքսանենգության դեպքերի (ծխախոտի, ադամանդի, զենքի արտահանման) վերաբերյալ բացահայտումները մեծ հարված հասցրեցին ՊԵԿ–ի հեղինակությանը, թեև ինքը՝ Անանյանը, նշված հարցի վերաբերյալ որևէ հրապարակային կարծիք չի հայտնել։

Տեղեկություններ են շրջանառվում, որ վարչապետը հրահանգել է Անանյանին՝ մաքսանենգության դեպքերի վերաբերյալ հանրային արձագանքը մեղմելու նպատակով շարքային մաքսավորների պատասխանատվության ենթարկել, սակայն Անանյանը հրաժարվել է։

Իսկ այսօր էլ, զարմանալի պատահականությամբ, Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց ՊԵԿ քննչական վարչություննում քննվող գործով մեղադրյալ, Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։

Նյութի աղբյուրը՝ news.am

1