Բժիշկների օրհնության կարգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Այս առիթով դուրս էր բերվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Ղուկաս ավետարանչի մասունքակիր Աջը․ Սուրբ առաքյալը համարվում է բժիշկների հովանավորն ու բարեխոսը

Հունիսի 3-ին Սուրբ Գայանե վանքում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց բժիշկների և բուժաշխատողների օրհնության կարգ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Այս առիթով դուրս էր բերվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Ղուկաս ավետարանչի մասունքակիր Աջը։ Սուրբ առաքյալը համարվում է բժիշկների հովանավորն ու բարեխոսը։

Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբանները Սուրբ Ղուկաս Ավետարանչի բարեխոսության հայցով իրենց աղոթքը բարձրացրեցին առ Աստված համավարակի դժվարին պայմաններում իրենց աստվածահաճո ծառայությունը բերող բժիշկների ու բուժաշխատողների պահպանության, անվտանգության և անձնվեր գործունեության արդյունավորման համար։

Արարողությանը ներկա էին մի շարք բժշկական հաստատությունների ղեկավարներ, բժշկական կենտրոնների COVID-19 կլինիկաների պատասխանատուներ և բժիշկներ։

Օրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց համայն մեր ժողովրդին և ի մասնավորի բժիշկներին ու առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներին։

Քրիստոս Աստված մեր, ամենախնամ Բժիշկ հոգիների և մարմինների,

Սուրբ Ղուկաս Ավետարանչի աղոթքներով և բարեխոսությամբ

օրհնիր, պահիր ու պահպանիր մեր ժողովրդին և համայն աշխարհին,

աշխարհականներին և հոգևորականներին,

մեծերին և փոքրերին, արանց և կանանց,

և Քեզ ապավինող Քո բոլոր զավակներին։

Պահիր և պահպանիր անձնվեր ծառայություն մատուցող

մեր բժիշկներին և բուժաշխատողներին,

ովքեր իրենց կյանքը հանապազ վտանգի ենթարկելով

փրկում են մերձավորի կյանքը։

Օրհնիր և բժշկություն պարգևիր վարակից ապաքինվող անձանց

և արիություն շնորհիր բոլոր մեկուսացվածներին։

Քո սուրբ և պատվական խաչի հովանու ներքո,

փրկի՛ր և ազատի՛ր երևելի և աներևույթ բոլոր թշնամիներից։

Եվ մեզ արժանի դարձրու

գոհությամբ ու երախտագիտությամբ

փառավորելու Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ,

այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։

1