Ունենք 2 սցենար

Կամ դարձյալ մտնում են սահմանափակումներն ու տնտեսությունը վնաս է կրում, կամ հանդես ենք բերում քաղաքացիական պատասխանատվություն

Այսօր պարետատան նիստին ընդգծել եմ, որ հակահամաճարակային կանոնները պետք է պահպանվեն և մենք հակահամաճարակային կանոններին հետևենք ամենակոշտ և ամենաչոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի փաստարկ և ոչ մի զգացմունքային պահ։ Այս մասին այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը ՀՀ-ում շարունակում է ահագնանալ։

«Երեկ արձանագրվել է 517 դեպք, ինչու է այս ամենը մեզ հետ տեղի ունենում։ Ուզում եմ մենք անգամ ևս արձանագրել, որ մեր պրոբլեմը հակահամաճարակային կանոնների պահպանումն է և այդ կանոնների պահպանման որակը։ Մենք ունենք համոզվածություն, որ այդ կանոնների պահպանումը կբերի կորոնավիրուսի դեպքերի թվի նվազման և զրոյացման»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ կորոնավիրուսային հիվանդության ստեղծված իրավիճակի լուծման երկու տարբերակ կա․ «Ունենք 2 սցենար՝ կամ դարձյալ մտնում են սահմանափակումներն ու տնտեսությունը վնաս է կրում, կամ հանդես ենք բերում քաղաքացիական պատասխանատվություն։ Սա է մեր ընտրությունը, մեզնից յուրաքանչյուրը պետք է դիրքորոշում արտահայտի մեր հետագա անելիքների վերաբերյալ։ Բայց իմ դիրքորոշումը մեկն է, որ անկախ այս երկու սցենարներից, պետք է հսկողությունը համաճարակային կանոնների նկատմամբ կատարվի ամենախիստ, ամենաչոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի զգացմունքային պահ»։