Գույքահարկը կբարձրանա 8-10 անգամ․ Փաշինյանը իրագործում է Կարապետյանի ծրագիրը

Հեղափոխական Նիկոլ Փաշինյանին ու նրա տնետեսական թիմին այդպես էլ չհաջողվեց սեփական տնտեսական ծրագիրը մշակելը, փոխարենը նրանք հեշտությամբ վերցնում ու կյանքի են կոչում նախկինների դարակներում փոշոտված, ռիսկային և խոցելի ծրագրերը
Նիկոլ Փաշինյան Կարեն կարապետյան

Ազգային ժողովում քննարկվող գույքահարկի մասին նոր օրենքի համաձայն` գանձման շեմը նվազեցվում է: 2021թ. հունվարի 1-ից սկսած` մինչև 3 մլն դրամ արժեքով անշարժ գույք ունեցողները նույնպես կսկսեն գույքահարկ վճարել, որը վստահաբար ունենալու է բացասական սոցիալական հետևանք:

Նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո գույքահարկը հաշվարկվելու է շուկայական գնով: Նշվում է, որ նման քայլի գնալու հիմնական նպատակը տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների կայուն աճի ավելացումն է:

Ըստ այդմ` շուկայական արժեքի հաշվարկի բանաձևում մեկ քառակուսի մետր մակերեսի համար որպես բազային միասնական արժեք ընդունվելու է 700 000 դրամը՝ նախկին 255 000 (քարե շինությունների) և 230 000 (երկաթբետոնե շինությունների) դրամի փոխարեն:

Մասնագետների կարծիքով` նոր օրենքի ընդունումից հետո Երևանում բնակարանների գույքահարկը կբարձրանա 8-10 անգամ: Եթե նախկին օրենսդրությամբ 3 մլն դրամ կադաստրային արժեքը չգերազանցող գույքի համար հարկ չէր գանձվում, ապա նոր մեթոդաբանությամբ կգանձվի` հաշվի առնելով գտնվելու վայրը: 

Ինչ վերաբերում է, այսպես կոչված, դղյակների և ապարանքների գույքահարկին. առանձնատների համար սահմանված է շեմ, եթե առանձնատան արժեքը գերազանցում է 100 մլն դրամը, ապա գույքահարկի դրույքաչափով սահմանվում արժեքի 1 տոկոսը: Այսինքն` 100 մլն դրամ արժեքով տան գույքահարկը կակզմի 1 մլն դրամ, որը համարժեք է Երևանի Կենտրոնի միջին բնակարանի գույքահարկին:

Հատկանշական է, որ գույքահարկի այս մոդելը ներդնելու գաղափարը կար դեռևս նախկին իշխանության օրոք: Սա նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի չիրագործած ծրագրերից է, որը ժամանակին մշակվել էր ֆինանսների նախարարությունում:

Հեղափոխական Նիկոլ Փաշինյանին ու նրա տնետեսական թիմին այդպես էլ չհաջողվեց սեփական տնտեսական ծրագիրը մշակելը, փոխարենը նրանք հեշտությամբ վերցնում ու կյանքի են կոչում նախկինների դարակներում փոշոտված, ռիսկային և խոցելի ծրագրերը: Հայելի․am