Դուք այն տեղում չեք, որտեղ պիտի լինեիք. Դուք ձեր խոստացածի 30 տոկոսը չկարողացաք անել կամ չցանկացաք անել

Մեկ ամսվա ընթացքում բավականին շատ մարդկանց հետ եմ շփվել, 99 % -ը այդ մարդկանցից հիասթափված է ձեզանից
նփ

Լուսանկարիչ Գևորգ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով մասնավորապես դիմել է վարչապետ Փաշինյանին՝ ասելով, որ չափից դուրս վստահություն են տածել վարչապետի անձի ու կառավարության հանդեպ, բայց նրանքվերջիններս իրենց որոշումներով և մարդկանց անտեսելով հօդս են ցնդեցրել։ Խուրշուդյանի գրառումը՝ ստորև․

 

«Նայում եմ վերջին օրերին, ընկերներս իրենց լուսանկարչական տեխնիկան են վաճառում կամ մեքենան, կամ այլ գույք և տեխնիկա,և ցավալի այն է,որ ամենավերջում տեքստում գրված է լինում՝ սուղ ֆինասական խնդիրների պատճառով:

Իսկ այսօր դիտում էի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրերս կայացրած ուղիղ եթերներից մեկը, որտեղ նա ասում է՝ կառավարության հիմնական սխալն այն է, որ իրենք չափից ավելի վստահություն են տածել քաղաքացիների անհատական պատասխանատվության գործոնի նկատմամբ:

Ո՜չ «հարգելի» վարչապետ՝ սխալվում եք, այդ մենք ենք ձեր անձի ու կառավարության հանդեպ չափից դուրս վստահություն տածել, որը հօդս ցնդեցրեցիք հենց դուք ու ձեր ընտրած կառավարությունը, ձեր կատարած որոշումներով և մարդկանց անտեսելով:

Մեզանից ոչ մեկ այլ մոլորակից չէ, բոլորս էլ տեսնում ենք ինչ է կատարվում: Վերևում նշված մարդիկ վաճառում են իրենց իրերը, որովհետև բանկերը վզներին դրած իրենց գումարներն են ուզում (ՀՀ-ում քիչ մարդիկ կան, ովքեր վարկ չունեն, էս մասով ոչ մեկ ելույթ չունենա մեկնաբանությունում), վաճառում են, որովհետև մեկի ծնողն է հիվանդ, վաճառում են, որովհետև հացի գումար չունեն:

Իսկ ո՞վ է մեղավոր այս հարցում ՝ մարդի՞կ, որոնք չգիտեն ինչպես աշխատեն, որովհետև պիտի տանը մնան, թե՞ դուք, որ թքած ունեք էդ մարդկանց վրա: Մեկ ամսվա ընթացքում բավականին շատ մարդկանց հետ եմ շփվել, 99 % -ը այդ մարդկանցից հիասթափված է ձեզանից:

Ինչ վերաբերվում է վիրուսին, ինքս հավատում եմ, որ կա վիրուսը, ինքս բազում անգամներ իմ կամավոր աջակցությունն եմ առաջարկել առողջապահության նախարարությանը, չնայած որ անձնական հրապուրանք չեմ տածում Թորոսյան Արսենի հանդեպ, բայց լավ գիտակցում եմ, որ առողջապահության նախարարությունը չի սկսվում և ավարտվում մեկ անձով:

Հիմա որպես ՀՀ քաղաքացի, ով իր կյանքից տարիներ է դրել փողոցային պայքարի մեջ, նախկին ռեժիմի և այլ անարդարությունների դեմ, հստակ և բացահայտ ասում եմ ՝ դուք այն տեղում չեք, որտեղ պիտի լինեիք, դուք ձեր խոստացածի 30 % չկարողացաք անել, կամ չցանկացաք անել»: