Մոռացիր

Լավ կամ վատ՝ օրն ավարտվել է, երբ արթնանաս դարձյալ, քո առջև ունես ապրելու քսանչորս ժամ միայն
հավատ

 

Մայիսի 29

Ցավ մի ապրիր ոչ մի բանի համար, նույնիսկ գործածդ մեղքերի ու սխալների համար: Երբ մարդը լեռան բարձունքից դիտում է իր առջև փռված երկրի սքանչելի տեսարանները, ժամանակ չի կորցնում մտահոգվելու նեղությունների ու հոգնությունների, քարքարուտների ու իր գայթումների համար, որ ապրեց վերելքի ընթացքում: Այդպես պետք է լինի նաև քո դեպքում: Ներս շնչիր յուրաքնչյուր Օրվա անսպառ Օրհնությունները, մոռացիր ամեն ինչ, որ քո հետևում է մնացել:

Մարդը այնպես է կառուցված, որ կարող է կրել միայն քսանչորս ժամվա ծանրությունը, ոչ ավելի: Ուղղաձիգ է մարդը, բայց երբ իր ուսերին է վերցնում անցած տարիների բեռները՝ կքում է ծանրությունից: Իսկ երբ իր վրա է առնում նաև գալիք օրերի ծանրությունները, այդժամ արդեն կոտրում է իր մեջքը: Ես խոստացել եմ օգնել ձեզ՝ այսօրվա բեռները կրելու. անցյալը Ես վերցրել եմ ձեր վրայից, իսկ եթե դուք անմտորեն նախընտրում եք ձեզ վրա վերցնել վերստին անցյալի բեռը և կրել այն, այդժամ դուք այդպես անելով, իրոք, ծաղրում եք Ինձ՝ ակնկալելով, որ Ես մասնակցեմ ձեր այդ անիմաստ բեռնակրությանը:

Լավ կամ վատ՝ օրն ավարտվել է, երբ արթնանաս դարձյալ, քո առջև ունես ապրելու քսանչորս ժամ միայն: Ճամփորդության պատրաստվող մարդիկ իրենց հետ վերցնում են միայն այն բեռները, որոնց կարիքը կա ճամփորդության ընթացքում: Չե՞ս խղճահարվի այն մարդու վրա, երբ տեսնես, որ նա կրում է նաև ահավոր ծանրությունները անցյալ ճամփորդությունների ու դեռ տարիներ առաջ մաշեցրած կոշիկներն ու զգեստները: Իր Մտքի ու Հոգու կյանքի մեջ մարդը հենց այս է, որ անում է առհասարակ: Ուրեմն բնավ էլ զարմանալի չէ, որ Իմ խեղճ աշխարհը սրտով հիվանդ է, իսկ հոգով՝ մաշված: Դուք          այդպես չպետք է անեք: