Ներկայացրեք իմ էպիկրիզը, բուժումների մասին մանրամասն տեղեկություններ, հատ-հատ․ կներկայացնեն, հետո կխոսենք. «Հետք»

Ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ առողջապահության ոլորտում, իմ կարծիքով, վարչական կառավարումը չի գտնվում օրվա պահանջների բարձրության վրա

«Հետք»–ը մայիսի 27-ին հրապարակել էր քաղաքաշինության կոմիտեի խորհրդական, Գերագույն խորհրդի և Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Արամ Բաբաջանյանի հետ ունեցած հարցազրույցը։ Արամ Բաբաջանյանը պատմել էր, թե ինչպես է անցել իր բուժումը, ինչպես է ընդհատվել, ինչ խնդիրներ է ունեցել կորոնավիրուսով հիվանդանալիս եւ ինչ ինքնազգացողություն ունի այժմ։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն այսօր անդրադարձել է հարցազրույցին։ Ըստ Նիկողոսյանի՝ Բաբաջանյանի բուժումը հարթ է ընթացել, դուրս գրվելիս ախտանշաններ չի ունեցել։ Բացի դա, ըստ ԱՆ խոսնակի, Բաբաջանյանը պահանջել է, որ իրեն այցելի թոքաբանության պրոֆեսոր և իրեն ու կնոջն անհատական մոտեցում ցուցաբերեն։

«Հետք»-ը ներկայացրել է Արամ Բաբաջանյանի պարզաբանումը, որը ներկայացնում ենք մասամբ։

–Պարոն Բաբաջանյան, եթե ծանոթ եք առողջապահության նախարարի մամուլի խոսնակի հայտարարությանը, ապա խնդրում եմ պարզաբանել հայտարարության մեջ տեղ գտած պնդումները։

–Ծանոթացա նոր, կարդացի և, ցավոք սրտի, ևս մեկ անգամ համոզվեցի, որ նախարարը, պարոն Թորոսյանը չի տիրապետում իր ղեկավարած համակարգում տիրող իրավիճակին։ Ես այսպես եմ պատկերացնում, որ ամբողջ ուսումնասիրությունը սահմանափակվում է իր աշխատասենյակից տվյալ հիվանդանոցի ղեկավարի հետ ունեցած հեռախոսազրույցով։ Խնդիրն ամբողջությամբ ընկալելու համար լավ կլիներ դժգոհող կողմին էլ լսեին և փորձեին հասկանալ՝ արդյոք արդարացի են նրա դժգոհությունները։

Գրել են, որ ես հատուկ պայմաններ եմ պահանջել, թոքաբան պրոֆեսոր եմ պահանջել կամ հատուկ պայմաններ իմ եւ կնոջս համար։ Ես խնդրում եմ, որ պարոն նախարարը գրի անուն–ազգանունն այն մարդու, ումից ես պահանջել եմ այդպիսի բան։ Ո՞ւմ եմ ես ասել, որ պրոֆեսոր բերեք, ես չեմ վստահում մեր թոքաբանին։ Անունով, ազգանունով ասեք (10 օրվա ընթացքում տաք ջուր չի եղել, և հիգիենայի հարցերը սառը ջրով ենք հոգացել)։

Պարոն նախարար, խնդրում եմ ներկայացրեք իմ էպիկրիզը, 10 օրվա ընթացքում ստացածս բուժումների մասին մանրամասն տեղեկություններ, հատ-հատ, բոլոր դեղերի անունները, չափաբաժինները, արյան անալիզի, խորխի և ռենտգենի պատասխանները։ Կներկայացնեն, դրանից հետո կխոսենք։

Ես չէի էլ ցանկանա այսպես շարունակվեր բանավեճը, իրենք ներքաշում են ինձ դրա մեջ։ Ես կարծում էի, որ կփորձեին հասկանալ դժգոհության պատճառները, մի հատ էլ ինձ հետ կխոսեին։ Եթե բացթողումներ կային, հասկանային՝ իրոք կա՞ն բացթողումներ, ու դրանք փորձեին շտկել։

Ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ առողջապահության ոլորտում, իմ կարծիքով, վարչական կառավարումը չի գտնվում օրվա պահանջների բարձրության վրա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։