Տիգրան Ավինյանին Արայիկ Հարությունյանով փոխարինելու քննարկում չունենք. Ալեն Սիմոնյան

Այստեղ ինտրիգ փնտրել պետք չէ. մեզ մոտ սև ցուցակ չկա

Մեր քաղաքական թիմում Տիգրան Ավինյանին Արայիկ Հարությունյանով փոխարինելու քննարկում չունենք: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե արտակարգ դրության ավարտից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանին կփոխարինի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ես զերծ կմնամ դրա մասին մեկնաբանություններից: Մենք մամուլում խնդիր ունենք և այսօր մամուլը՝ որոշ բացառություններով սպասարկում է շատ մարդկանց  քաղաքական շահը, ուստի, ամեն հրապարակում մեկնաբանելը, արդարանալը, բացատրությունները տալը սխալ է»,- ասաց նա:

Դիտարկամնը՝ եթե օրինակ՝ ԿԳՄՍ նախարարությունում խնդիրներ չկան, ապա ինչու փոխնախարարի և Սմբատ Գոգյանի ներկայությամբ հանձնաժողովի նիստը վերջում փակվեց, ԱԺ փոխնախագահը արձագանքեց, որ չգիտի՝ ինչու այն փակ իրականացվեց, սակայն ըստ նրա՝ շատ գործընթացներ կան, որոնք ենթադրում էին նման իրավիճակը:

«Չի բացառվում, որ որևէ պատգամավոր հրաժարական տա,  բոլորը չէ, որ մինչև կյանքի վերջ մնալու են նույն տեղում, բնականոն գործընթաց է: Այստեղ ինտրիգ փնտրել պետք չէ. մեզ մոտ սև ցուցակ չկա, կա թիմ, մարտավարություն, իսկ սև ցուցակ չկա ու չի կարող լինել»,- շեշտեց Սիմոնյանը: