Չեմ հավատում և չեմ սիրում բոլորին

Նիկոլ Փաշինյան լրագրողի մասնագիտական կարողություններով քիչ է ասել, որ  տպավորված չեմ․ հիասթափված եմ

Նիկոլ Փաշինյան լրագրողի մասնագիտական կարողություններով քիչ է ասել, որ  տպավորված չեմ․ հիասթափված եմ։ Հենց միայն «Հայկական ժամանակ» թերթի խմբագրականներին հետևելով (թե՛ մինչիշխանափոխական, թե՛ հետիշխանափոխական)՝ կարող եմ արձանագրել․ այս լրագրողի բարձրագույն կրթության անլիարժեքությունը միանշանակ կերպով  զգալ է տալիս։ Զգալ է տալիս բառապաշարի աղքատիկությամբ, ոճական միօրինակությամբ, կաղապարային բանաձևումներով, նույնիսկ՝ կետադրության պարզ կանոնների չիմացությամբ։

Բայց ես հիմա նրա որևէ խմբագրական չեմ վերլուծի․ բավական է նաև վարչապետական շնորհավորանքը՝ ուղղված հանրակրթական դպրոցների շրջանավարտներին։ 
Շնորհավորանքի երկրորդ նախադասությունն արդեն զարմացնում է․ «Ցավոք, ձեզ համար այս կարևոր օրն այս տարի ստիպված եք տոնել անսովոր պայմաններում՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության հետ»։ Պայմանավորված բառը ենթադրում է համապատասխան բառի գործիական հոլովով գործածություն՝ հիվանդությամբ, և միանգամայն սխալ է հետ կապի «ներկայությունն» այդ նախադասության մեջ։ Ի դեպ, ջերմորեն սկսվող շնորհավորանքին անմիջապես  հաջորդող ցավոք-ն իսկի իր տեղում չէ զուտ էթիկական առումով։ 
Տեքստում առնվազն երեք անգամ և (մի տեղում՝ ու) շաղկապից առաջ ենթադրվող ստորակետը չի դրվել․ ահա օրինակներից մեկը․ «Սիրելի պատանիներ՝ դուք եք մեր պետության ապագան և մենք վստահ ենք․․․․․»։ Ընթերցողը հեշտությամբ կնկատի, որ այս նախադասության մեջ սխալ է կետադրված նաև կոչականը՝ իր զարմանալի բութով։ 

Տեքստն անհարկի որպեսզի-ներ ունի՝ որ շաղկապի փոխարեն․ «․․․և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանը լինի այն վայրը․․․»։

 Ի դեպ,  Հայաստանը «վա՞յր» է։ Այս «վայրը» կմնար աննկատ, եթե տեքստի սկզբում արդեն գործածված չլիներ՝ «այսօր միևնույն վայրում ձեր տոնը նշելու․․․»․ ինչպես նկատելի է, երկու «վայրերը» շատ են անհամարժեք և տարբեր, հետևաբար տեքստի հեղինակը պետք է զգույշ լիներ դրանք տեքստային այս փոքրիկ «վայրում» գործածելիս։ 
Սխալ կաղապար է «․․․ ուղղությամբ ներդնեք բոլոր ջանքերը»․ «ուղղությամբ» ինչպե՞ս են «ներդնում»։ 

Խորհուրդ կտամ տեքստը, խմբագրելուց բացի, նաև սրբագրել․ «սիրելի շրջանավարտներ»-ի երկրորդ գործածությունը վրիպակով է, իսկ նոր տողից հաջորդող Ձեզ-ը պետք է լինի փոքրատառով՝ ձեզ, ինչպես տեքստի սկզբում է։

ՀԳ․Ի դեպ, այսօր Բանասերի օրն է։ Շնորհավորում եմ բոլորին, բայց մասնագիտական կարողությունների առումով չեմ հավատում և չեմ սիրում բոլորին։

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ

Նյութի աղբյուրը՝ hraparak.am