Փաշինյանը մեղադրեց բանկերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ստացվեց, որ մենք մեր օգնություններով մարդկանց նաև օգնել ենք վարակվել

Դեպքերի աճի հիմնական պատճառը արդյունաբերական ձեռնարկություններն են։ Մեր դեպքերի նույնիսկ 80 տոկոսը արձանագրվել են արդյունաբերական ձեռնարկություններում և սպասարկման ոլորտում։ Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում այսօր հայտնեց վարչապետ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ սահմանափակումների՝ անհրաժեշտությունից ելնելով մեղմացումը նպաստեց կորոնավիրուսի լայն բռնկմանը։

Վարչապետ Փաշինյանն ասաց, որ այդ քայլին գնալու պատճառը տնտեսապես փակ մնալ չկարողանալն էր։

«Ամենամեծ վարակվածության դեպքերը արձանագրվել են բանկային համակարգում,- ասաց Փաշինյանը և մանրամասնեց․- Կառավարության իրականացրած հակաճգնաժամային 9-րդ միջոցառումը, որ միտված էր աջակցելու աշխատանք չունեցող քաղաքացիներին, պատճառ դարձավ, որպեսզի մարդիկ հավաքվեն բանկերում, իսկ բանկերը, ցավոք, ոչ բոլոր դեպքերում կարողացան պահպանել անվտանգության կանոնները և ստացվեց, որ մենք մեր օգնություններով մարդկանց նաև օգնել ենք վարակվել»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ «թեև կորոնավիրուսի նոր բռնկում ունենք, որը շատ վտանգավոր իրավիճակ է, բայց մենք մեր քաղաքականությամբ ամենացածր գնաճ ունեցող երկրներից ենք աշխարհում, ազգային արժույթն էլ ամենաստաբիլ վիճակում է»։

Վարչապետ Փաշինյանը կոչ արեց խստորեն վերահսկել համաճարակի կանխարգելմանը միտված միջոցառումների իրականացումը և խոստացավ նաև խստորեն պատժել զանցառուներին։