Այս արշավը չի ճանաչում ազգություն, կրոն, մաշկի գույն, բոլորը կարող ենք միանալ խաղաղության այս կոչին. Աննա Հակոբյան

Կարծում եմ, որ մենք մեր ժամանակի մի շատ կարևոր մասը կծախսենք ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավի վրա

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Համոզված եմ և վստահ, որ Արցախի նկատմամբ ռազմական ոտնձգության պարագայում ոչ միայն մեր բանակը այլև մեր ողջ հանրությունն է կանգնելու նրա պաշտպանության դիրքերում` զինվորական թե քաղաքացիական, տղամարդ թե կին:

Ինչպես ես, այնպես էլ բազմաթիվ կանայք, համոզված եմ, պատրաստ են զենք վերցնել իրենց հայրենիքը և երեխաներին պաշտպանելու: Բայց դա ոչ թե հանուն պատերազմի, այլ ապացուցելու համար, որ խաղաղությունն այլընտրանք չունի:

Այս համատեքստում կարծում եմ, որ մենք մեր ժամանակի մի շատ կարևոր մասը կծախսենք ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավի վրա, և որպես վերը նշված խոսքերի ապացույց պատրաստվում ենք նաեւ մարտական պատրաստության դասընթացներ անցնել:

Մենք որպես կին և մայր պետք է ջանք չխնայենք մեր երկրներին և տարածաշրջանին տևական խաղաղություն բերելու համար: Հենց դրան է նվիրված ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավը:

Այս արշավը չի ճանաչում ազգություն, կրոն, մաշկի գույն, բոլորը կարող ենք միանալ խաղաղության այս կոչին: Մենք հավատում ենք, որ մայրական տիեզերական սիրո առաջ անզոր են աշխարհի բոլոր զենքերը»: