Դուք սրբություն չունեք

Հասարակական ու քաղաքական գործիչների ֆեյսբուքյան գրառումներ
սամսոնյան հովհաննիսյան ֆարմանյան տեր նակալյան բաբայան մելիք շահնազարյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի մոտ ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքներ են հնչել։ Մի քանի անձ հայհոյանքներ են հնչեցրել նրանց հասցեին, սպառնացել և հեռացել։

Այս առնչությամբ ֆեյսբուքյան գրառումներ են կատարվել հասարակական ու քաղաքական գործիչների կողմից, որոնք ներկայացնում ենք ստորև։

Քաղաքական-հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը նշել է, որ հարձակվել են այն նույն Տիգրան Աթանեսյանի տան վրա, որը ժամանակին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի փաստաբանն է եղել։

«Համացանցը կրկին ցնցված է. այս անգամ հարձակվել են փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա` կինը, անչափահաս երեխաները տանը: Հեղափոխության արժեքնե՜ր...: Մեղմ է ասված. Վերածննդի՜ արժեքներ... Այն նույն Տիգրան Աթանեսյանի, որը ժամանակին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի փաստաբանն է եղել, ու երևի, նրա կնոջ ու անչափահաս երեխաների ամենասպասված հյուրերից մեկը:

Հալալ է ձեզ, տղե՜րք: Դուք սրբություն չունե՛ք: Դուք, ինչպես ասվել է, մեռոնին թույն էլ կխառնեք:

Հ.Գ. Ոմանք խոսում այն մասին, որ ինչ-որ տարօրինակ զուգադիպությամբ, մեր ներքին կյանքը վերջին շրջանում հա ցնցվում է: Դրանում հազար ու մի հետք ու բացատրություններ են փնտրում: Ազնիվ չէ ուրիշ պատճառ փնտրել, տղե՜րք, աչքի տեսածը չտեսնելու տալու համար: Պատճառը մեկն է` Նիկոլ Փաշինյան»,-գրել է նա:

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով միջադեպին, գրել է.

«Տիգրան Աթանեսյանի տան վրա են հարձակվել։ Սպառնալիքներ տեղացել են կնոջ ու երեխաների ներկայությամբ։ Օրը ցերեկով։ Միայն փաստերի շարադրանքն ինքնին հիշեցնում է միջին վիճակագրական ավտորիտար պետության բնութագիր։ Բայց չէ ինչ ենք խոսում.... «ժողովրդավարության բաստիոն», «սեր», «հանդուրժողականություն», էն «Freedom House»-ի ասած էլի մի շարք անիմաստ անկապ բառեր ու առաջընթացներ։

Սա Փաշինյան Նիկոլի ստեղծած Հայաստանն է, սա «չհեղափոխության» «պահպանության» կարիք ունեցող «արժեքներն» են։ Օր չկա, որ ծեծ ու ջարդ կամ սպանություն չլինի, այլանդակ բառապաշարը դե կա ու կա, անցյալ օրն էլ օրը ցերեկով քաղաքի կետրոնում անհայտ վարորդը միտումնավոր իմ մեքենայի ուղղությամբ էր քշում։ Հաջողվեց խուսանավել։ Ականատեսներ կան։ Ցավոք, չեմ ֆիքսել համարները, այլապես իրավապահներին կդիմեի։
Սա փողոցում հայտնված պետության, գետնին ընկած իշխանության, դիմազրկված իրավապահ համակարգի ու այլ արատների «քերթողահայր» ինքնադատաստանի սպառնալիք հնչեցրած վարչապետի դեմքն է։ Նրա վաստակը, նրա մեղքը, նրա «ձեռքբերումը»։ Սեփական հայրենիքում ապիկարների ու անհայրենիքների խմբակի պատճառով անհանգիստ ապրող հազարավոր մարդիկ ու ծանր շնչառություն ունեցող երկիր։ Ամեն ինչ լավ է լինելու։ Չկասկածեք»։

Իրավապաշտպան, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի գրասենյակի ղեկավար Արսեն Բաբայանը, անդրադառնալով միջադեպին, գրել է. «Փաատաբան Տիգրան Աթանեսյանի և նրա ընտանիքի նկատմամբ բռնության նույնիսկ փորձ նույնիսկ մտքներովդ չփորձեք անցկացնել: Չլինի՞ լրիվ կորցրել եք ձեզ:

Չհասցնեք էն վիճակին, որ ձեր նկատմամբ սամասուդը դառնա պարտադրված ու միակ միջոցը: Խելքներդ գլուխներդ հավաքեք»:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանը նշել է, որ պետք է պատրաստ լինել ընտանիքը պաշտպանելու, քանի որ հարձակվողները «սրբություն և արգելակներ» չունեն:

«Փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա հարձակվել են ու ահաբեկել փաստաբանի ընտանիքի անդամներին: Էս տողերը գրելուց զայրույթն ու եղածին չհավատալու ցանկությունն էնքան մեծ ա, որ ասելու չի, բայց հավատացեք Նիկոլն ու Աննան հասան արդեն էս կետին:
Աթանեսյանի տան վրա հարձակվել են ոչ թե ինչ-որ վիժվածքներ, որոնք տան ու ընտանիքի արժեքը չգիտեն, այլ հենց Նիկոլն ու Աննան: Նիկոլն ու Աննան են էս ամեն ինչի անմիջական պատասխանատուն ու էսքանից հետո դուք դեռ իրավունք ունեք բողոքելու, որ ձեզ սպառնում են կամ ճնշում...»,-գրել է Սամսոնյանը:

«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը, խոսելով միջադեպի մասին, գրել է. «Ուրեմն սենց, Նիկոլ ջան, մեխն էլ ա ձեռներդ, չագուչն էլ։ Բոլոր անհրաժեշտ օրենքներն էլ ընդունել եք՝ թե քրեական ենթամշակույթի քրեականացում (չնայած, որ էդ ենթամշակույթով նման բան արած մարդկանց ընդհուպ մինչև հետևից գրկելով են պատժում), թե բջջային հեռախոսներով մարդկանց տեղորոշելու օրենքը։

Կա՛մ նենց ես անում, որ էս խայտառակ միջադեպի բաշիբոզուկներին ցուցադրաբար, քո սիրած՝ ասֆալտիներին ծեփելով շատ արագ բռնում են ու շատ խիստ պատժում են, կամ էլ դու մի հատ նենց նոր պանդորայի արկղ կբացես, որի տակից ոչ դու ես դուրս գալու, ոչ էլ պետությունը էս աստիճանի բարդակի վերածած քո թայֆեն»։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, անդրադառնալով միջադեպին, դիմել է Փաշինյանին՝ նշելով, որ անցել են բոլոր հնարավոր ու անհնար սահմանները․ «Փոքր ժամանակ, երբ Ստեփանակերտում էինք ապրում, իսկ այնտեղ էլ պարետային ժամ կար, ՕՄՕՆ և այլն, հայրս մայրիկիս մոտ զենք էր թողել։ Մակարով ատրճանակ էր, որը այն տարիների մեր ընտանիքի հավատարիմ ընկերներից մեկն էր։ Մի անգամ՝ 92թ.-ի մարտին մոտ մի ամսով հայրս մեզ տարավ Ղշլաղ գյուղ։ Արցախի համեմատաբար անվտանգ գյուղերից էր, բայց դե պատերազմ էր, ո՞վ իմանար ինչ կլինի, երբ ու ոնց։ Գնալուց մամային կեսկատա զգուշացրեց. «եթե ինչ, սկզբից երեխաներին, հետո քեզ...»։

- Ո՞նց թե սկզբից երեխաներին, - ծնողներիս զրույցը թաքուն լսելով բացականչեց եղբայրս։
Պատմությունն այս պատահական հիշեցի քիչ առաջ։ Կինս մոտեցավ ինձ ու շատ վճռական ձայնով ասում է. «Ինձ զենք օգտագործել սովորացրու»։

Ի՞նչ ասեմ, շնորհակալություն Փաշինյան Նիկոլ։ Սա է քո ստեղծած «նոր Հայաստանը»։ Դուք անցել եք արդեն բոլոր հնարավոր ու անհնար սահմանները։ Տիգրան Աթանեսյանի երեխաների ու կնոջ ապրած սարսափի ամեն վայրկյանի համար պատասխան եք տալու։ Դուք դեռ չեք պատկերացնում, թե ինչ եք սարքել ինքներդ ձեր գլխին...

Տիգրան ջան, Աստծով, ախպեր։ Աստված պահապան քեզ ու հրաշք ընտանիքիդ»։