Իշխանական վերնախավը թքած ունի. մարդիկ դիմակներն ու ձեռնոցները կրում որ չտուգանվեն

Ոչ մի տուգանք ու պարտադրանք չի կարող լուրջ ազդեցություն ունենալ շարքային քաղաքացու վրա

ՀՀ վարչապետն առավոտյան մարդկանց հորդորում է անգամ հարազատի թաղմանը չնասնակցել, իսկ երեկոյան առանց պահպանելու սոցիալական հեռավորություն, կուտակումներ է ապահովում Արցախում ու կերուխում անում։ Ու այս հարցում Ալիևի համար շատ հեշտ է ասել՝ ինչպե՞ս կարելի է հավատալ Փաշինյանին, երբ նրա խոսքն ու գործն այդքան տրամագծորեն տարբերվում են իրարից։

Ավելի՜ն, եթե նա կարող է այսպես սառնասրտորեն վտանգել մարդկանց կյանքերը, ապա ինչո՞ւ չի կարող ձախողել բանակցությունները, իրարամերժ հայտարարություններ անել ու երկու ժողովուրդներին տանել բախման։

Ցավալի է, որ կատարվածը հեգնանքի թեմա է դարձել անգամ մեզանում, երբ ասում են, որ եթե թաղմանը մասնակցել չի կարելի, բայց ուտել-խմել կարելի է, գուցե հենց հանգուցյալի կողքին քեֆի սեղան գցվի ու հանգիստ, «ձեռքի հետ» հրաժեշտ տան հանգուցյալին։

Հնչում են նաև կատարվածը արդարացնող խոսքեր, թե մարդիկ սեղան էին գցել, հո չէին մերժելու արցախցու հյուրասիրությունը։

Նախ․ նման կարևոր իրադարձության առթիվ Արցախ ժամանած հայաստանյան պատվիրակության ամեն րոպեն պետք է հստակ պլանավորած լինի, ու այդ հարցում անակնկալներ չեն կարող լինել, որ ստիպված լինես մերժել կամ համաձայնվել։ Իսկ եթե դա նախապես ճշտված էր ու Փաշինյանի համաձայնությունն՝ ստացված, ապա ավելի մեծ հարված մեր վարչապետի հեղինակությանը՝ կորոնավիրուսի դեմ նրա պայքարում,  չէր կարելի մտածել։

Ավանդույթն, ինչ խոսք, կարևոր է, բայց ոչ ավելին, քան այն ռացիոնալիզմը, որ երկրի ղեկավարը կարող է և ավելի կարևոր գործեր ունենալ, քան իր մասին բաժակաճառեր լսելը կամ իր անունը համերգում բացականչելը։ Սա էլ ուղղակի նրանց համար, որ կարծում են, թե կարելի է պրոտոկոլից դուրս հրավեր կազմակերպել, հույս ունենալով, որ փաստի առաջ կանգնած ՀՀ վարչապետը սկանդալ չի սարքի ու մերժի հրավերը։ Այդ ճաշկերույթի հրավերն ընդունելն, ինչպես տեսանք, ավելի մեծ սկանդալի պատճառ դարձավ։

Ոչ մի տուգանք ու պարտադրանք չի կարող լուրջ ազդեցություն ունենալ շարքային քաղաքացու վրա, երբ տեսնում է, որ իշխանական վերնախավը թքած ունի կորոնավիրուսի կանխարգելիչ քայլերի վրա։ Երբ ամեն անգամ Փաշինյանն ասում է, թե մեր ժողովուրդը կարծես լուրջ չի ընդունում համավարակի վտանգը, հենց ինքն իր անլրջությամբ նպաստում է, որ մարդիկ այդ վտանգը լուրջ չընդունեն։

Իսկ ո՞վ լուրջ կընդունի այն դասախոսի խոսքը, որ 45 րոպե հիմնավոր ձևով բացատրում է ծխելու վնասները, հետո ասում՝ դե լավ, շատ լարվեցի, գնամ մի քանի գլանակ իրար հետևից ծխեմ, նյարդերս հանգստացնեմ, որ գամ մի 45 րոպե էլ բացատրեմ ծխելու վնասները։

Հետո էլ զարմանում ենք, որ մարդիկ դիմակներն ու ձեռնոցները կրում են ոչ թե չվարակվելու կամ չվարակելու համար, այլ որ չտուգանվեն։

Իշխանական վերնախավը, էլիտան պետք է օրինակ ծառայի հասարակ ժողովրդին։ Բայց մեզանում կատարվել է աններելին․ վերևները չեն կարող օրինակ ծառայել, քանի որ վերեևներում ամենստորին բնազդներով ու վարքուբարոք անձինք են հայտնվել։

Թերթ․am, Արմեն Կարեյան