Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ ժամանել է Արցախ․ նրանց դիմավորել է Արայիկ Հարությունյանը

Մայիսի 22-ին տեղի կունենա վարչապետ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարւթյունյանի առաջին պաշտոնական աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում նախատեսված է քննարկել հարցերի լայն շրջանակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Արցախ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի եւ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը տիկնոջ՝ Քրիստինա Հարությունյանի հետ մայիսի 21-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել են Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին:

Քիչ առաջ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Քիչ առաջ Նախագահ Սահակյանի հետ միասին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորեցինք Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Նրանք կմասնակցեն այսօր Շուշիում կայանալիք Ազգային ժողովի հատուկ նիստում իմ՝ որպես Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի, երդմնակալության հանդիսավոր արարողությանը:

Իսկ մայիսի 22-ին տեղի կունենա Վարչապետ Փաշինյանի հետ մեր առաջին պաշտոնական աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում նախատեսված է քննարկել առաջիկա անելիքներին վերաբերող հարցերի լայն շրջանակ»: