Իրավապահ մարմիններին խրախուսել եմ գնալ գործի հետևից, բացահայտումներ անելու համար՝ դիմեն համապատասխան մարդկանց

Տեղի ունեցող պրոցեսը իշխանության կողմից կազմակերպված հերթական կրկեսային ներկայացումն էր

Տեղի ունեցող պրոցեսը իշխանության կողմից կազմակերպված հերթական կրկեսային ներկայացումն էր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը, ում իր ընկերների հետ ավելի վաղ բերման էին ենթարկել և քիչ անց ազատ արձակել:

«Ինչպես հասկացա՝ իշխանությունը հանրության վրա է դրել վարչապետի ուղտ լինելն ապացուցելու բեռը: Մենք ունենք փաստեր, որ կա կենդանի, որը շաբաթներով կարող է քայլել անապատով, ունի կենդանուն բնորոշ բոլոր հատկությունները, բայց մեր իրավապահ համակարգն այդ կենդանուն չի տեսնում և պահանջում են, որ մարդիկ ապացուցեն»,- ասաց նա և պարզաբանեց, որ խոսքը Հայաստանից ՌԴ ծխախոտի և ադամանդների ապօրինի արտահանման մասին է, ինչը իշխանությունը հերքում է:

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին միաբանությանը դեռևս անհայտ գործի շրջանակում բացատրություն տալու համար: Արթուր Դանիելյանը, սակայն, նշեց, որ հրաժարվել է բացատրություն տալ:

«Բայց իրավապահ մարմիններին խրախուսել եմ, որ գործի հետևից գնան և երբ բացահայտումներ ցանկական անել, դիմեն համապատասխան մարդկանց: Մեզ բերման ենթարկեցին, որպեսզի ցույց տան, որ հանրային աջակցություն կա: Չգիտեմ, չեմ կարող մեկնաբանել»,- ասաց նա:

Արթուր Դանիելյանի խոսքով՝ իրավապահ մարմիններին անտաղանդ կերպով շահագործելու մոլուցքը նոր իշխանություններին բնորոշ երևույթ է, սակայն դա, ըստ նրա, քաղաքական էֆեկտ չի ունենա և ունենալու դեպքում այդ էֆեկտ բացասական կլինի: