Միշուստինն ապաքինվում է և հաջորդ շաբաթ կարող է դուրս գալ աշխատանքի

Այսօր վարչապետը տեսաժողով է անցկացրել, նա ապաքինվում է

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, որը բուժում է ստանում կորոնավիրուսով վարակվելուց հետո, ապաքինվում և արդեն հաջորդ շաբաթվանից կարող է դուրս գալ աշխատանքի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

«Այսօր վարչապետը տեսաժողով է անցկացրել, նա ապաքինվում է: Հույս ունենք, որ հաջորդ շաբաթ նա արդեն աշխատասենյակում կլինի: Նրա առողջական վիճակն այսօր արդեն թույլ է տալիս ներգրավվել աշխատանքային գործընթացին: Դեռևս բուժզննում է պահանջվում կատարել, սակայն տեսնում ենք, որ դինամիկան դրական է, և բուժաշխատողները կատարել են իրենց գործը»,- ասել է Մուրաշկոն:

Միշուստինի՝ կորոնավիրուսով վարակման մասին հայտնի էր դարձել ապրիլի 30-ին, որից հետո կառավարության ղեկավարը սկսել է բուժվել պետական բուժհաստատություններից մեկում:

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ կորոնավիրուս է հայտնաբերվել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի և նրա կնոջ՝ գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկայի մոտ: Նրանք երկուսն էլ բուժում են ստանում հիվանդանոցում: