Մանվել Գրիգորյանը ամբողջությամբ մեկուսացվել է, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել. Փաստաբան

Շփվում է միայն խնամակալների, իսկ լավագույն դեպքում՝ շաբաթվա մեջ մի քանի անգամ՝ թոռնիկների ու մերձավորների, նաև՝ պաշտպանական թիմի հետ

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը 168․am-ին ասել է, որ իր պաշտպանյալի վիճակը կտրուկ վատացել է, նրան միացվել է արհեստական շնչառության սարք: 

Ըստ փաստաբանի, Ֆրանսիայում գտնվող կլինիկան, որտեղ Գրիգորյանը նախկինում անցել է իր բուժումը, արձագանքել է փաստաբանների դիմումին, և հաշվի չառնելով կորոնավիրուսային համաճարակը՝ համաձայնել են ընդունել Մանվել Գրիգորյանին:

Սակայն պետական լիազոր մարմինը, ի դեմս Առողջապահության նախարարության, օպերատիվորեն չի արձագանքել:

«Օրերս մենք դիմեցինք ՀՀ կառավարությանը, որպեսզի իր ենթակա կառույցներին ստիպի աշխատել օրենքով, սակայն մինչև այժմ որևէ արձագանք չկա»,- տեղեկացրեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ Մանվել Գրիգորյանն արդեն դատապարտված է լինել անդամալույծ, 24-ժամով ունենալ խնամակալներ, քանի որ առանց նրանց՝  խնդիրներ կառաջանան. Մանվել Գրիգորյանը չի կարող ինքնուրույն տեղաշարժվել:

«Վերակենդանացման բաժանմունքի սարքերը դեռևս միացված են Մանվել Գրիգորյանին, նա շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ: Նա ամբողջությամբ մեկուսացված է, շփվում է միայն խնամակալների, իսկ լավագույն դեպքում՝ շաբաթվա մեջ մի քանի անգամ՝ թոռնիկների ու մերձավորների, նաև՝ պաշտպանական թիմի հետ»,- շեշտեց նա: