«Կորոնավիրուսը սրանք են բերել». Ստամբուլում փորձել են այրել հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռը

Մի քանի անգամ հայկական եկեղեցիների վրա հարձակումներ և հարձակման փորձեր են եղել
ստամբուլի եկեղեցի

Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում մայիսի 8-ին անհայտ անձը փորձել է այրել հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռը: Այս մասին տեղեկացնում է Gazete Karınca պարբերականը:

Տեղեկացվում է, որ դուռը այրելու փորձը չի հաջողվել, դեպքի առիթով հաղորդագրություն է տարածել Պոլսո հայոց պատրիարքարանը:

«Անհայտ անձը եկեղեցու դուռը այրել փորձելուց հետո փախել է: Հիմնադրամի տնօրենների խորհուրդը անմիջապես ոստիկանություն է դիմել: Ստամբուլի ոստիկանության փոխտնօրենը կապվել է պատրիարքարանի հետ, իր ափսոսանքն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և խոստացել է, որ հանցագործն անպայման, կձերբակալվի: Եկեղեցու աշխատակիցներին և դռանը ոչ մի վնաս չի հասցվել»,-ասված է պատրիարքարանի հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ դեպքի առիթով հաղորդագրություն է տարածել Ստամբուլի նահանգապետարանը, տեղեկացնելով որ հանցագործը ձերբակալվել է:

«Կորոնավիրուսը սրանք են բերել»,-ասել է եկեղեցու դուռը այրել փորձած Մ.Կ.-ն` բացատրելով իր արարքի պատճառը:

Վերջին տարիներին սա հայկական եկեղեցիների վրա կատարված առաջին հարձակումը չէ Թուրքիայում, մի քանի անգամ հայկական եկեղեցիների վրա հարձակումներ և հարձակման փորձեր են եղել, որոնց ընթացքում եկեղեցիների դռների վրա ատելություն քարոզող խոսքեր են գրվել:

Աղբյուր՝ tert.am

 
Լուրեր Հայաստան Արցախ Սփյուռք
Հանրային խումբ • 9 363 անդամ
Միանալ խմբին
Լուրեր Հայաստան Արցախ Սփյուռք