Բացառում եմ, որ Արցախյան հիմնախնդրի բանակցային սեղանին կա փաստաթուղթ. Էդմոն Մարուքյան

Կգա ժամանակը և իշխանությունը փակ կամ բաց ֆորմատով կներկայացնի, թե ինչ է բանակցում

Արցախի հիմնախնդրի հետ կապված մենք միշտ մտահոգություններ ունենք: Շահարկման առիթ դարձած մտահոգությունները փարատվեցին և ես բացառում եմ, որ սեղանի վրա փաստաթուղթ կա։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությանն ու այսօր վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը։

Նա նշեց, որ Ռուսաստանի արտգործնախարարի՝ Արցախի վերաբերյալ հայտարարությունները լսելուց հետո խմբակցությունը որոշել է, որ պետք է քննարկեն հարցը․ «Ես չեմ կարծում, որ Հայաստանում կլինի իշխանություն, որը Արցախի հարցում կգնա ոչ հայանպաստ լուծման: Սակայն մի բանը, եթե շատ է քննարկվում, ապա մենք որպես խորհրդարանական ուժ, պետք է մեր մատը այդ զարկերակի վրա պահենք, որ հասկանանք՝ ինչ է կատարվում»:

Ըստ նրա՝ որևէ իշխանություն չէր կարող իր վրա բեռ վերցնել և Հայաստանի ժողովրդից գաղտնի բանակցություններ ունենար։  Նրա խոսքով՝ կգա ժամանակը և իշխանությունը փակ կամ բաց ֆորմատով կներկայացնի, թե ինչ է բանակցում:

«Ես եթե կասկած ունենայի, առաջին աղաղակողը ես կլինեի, բայց որպես խորհրդարանական ուժ՝ ես չեմ կարող իրավիճակին չտիրապետել: Արցախի խնդիրը միշտ ներքաղաքական գործիք է եղել: Ինչ հիշում եմ՝ խոսակցություններ են պտտվում, թե հողերը հանձնում են, բայց փաստը մնում է փաստ, որ ոչ մի հող դեռ չի հանձնվել: Հիմա, թե ինչ է խոսվում, կամ չխոսվում, ինձ շատ քիչ է հետաքրքրում»,-ասաց նա և հավելեց, որ 2019 թվականը եկամուտների առումով ոսկե տարի էր, բայց ՀՀ-ն հիմա ճգնաժամի մեջ է մտնում և իրենց առաջարկները սրա վերաբերյալ են:

«Մենք Կառավարության ծրագրին դեմ ենք քվեարկել՝ մի քանի պատճառներից ելնելով: Առաջին օրը չափելի ցուցանիշներ չկային, իսկ երկրորդը Կառավարության կառուցվածքի պատճառով էր»,- ասաց նա և հավելեց, որ հարցը քննարկել է նաև վարչապետի հետ: