Լինելու են տեղական ավիափոխադրողներ, ի հեճուկս ամբողջ ուժով նրանց դեմ պայքար մղողների, ֆեյսբուքյան էջում «ԱԶԳԱՅԻՆ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂ» վերնագրով գրառման մեջ նշել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ավիացիոն ոլորտի մասնագետ Հակոբ Ճաղարյանը։
«Այսօր հերթական լրագրողը հնչեցրեց մոտավորապես էսպիսի հարց` ինչքա՞ն գումար պետք է ներդնի պետությունը «Ազգային փոխադրող» ստեղծելու համար», գրել է Հակոբ Ճաղարյանը եւ կարծիք հայտնել, որ պետք է բացատրել ինչ է նշանակում «Ազգային փոխադրող» հասկացությունը, եւ «վերջ դնել բոլոր, բազմապիսի «մասնագետների» կողմից, այդ թվում և պետական տարբեր ատյանները ներկայացնող, բոլոր անհիմն և ոչ մասնագիտական շահարկումներին, թե ի՞նչ է իրականում այդ հասկացությունը նշանակում»:
Մասնագետն իր գրառմանը կցել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) «Ազգային ավիափոխադրող» և երկրի «Դրոշակակիր ավիափոխադրող» հասկացությունների ձևակերպումը: (ICAO doc.9626, ch 5.1)
«Ազգային ավիափոխադրող է հանդիսանում երկրի ( շահագործողի) տարածքում, նրա օրենքներով հիմնված և գործունեություն ծավալող ավիաընկերությունը, որը հանդիսանում է երկրի միակ, կամ հիմնական փոխադրողը: Այն պետություններն օգագործում են որպես երկրի օդային տեղափոխումների կարգավորման ազգային գործիք: Թարգմանությունը հնարավորինս բառացի է», գրել է Ճաղարյանը եւ ուշադրություն հրավիրել հանգամանքի վրա, որ ոչ մի խոսք չկա ոչ սեփականության ձևի, ոչ որևէ արտոնության, ոչ որևէ խտրականության մասին հօգուտ «Ազգայինի»:
«Բազմիցս անհարկի շահարկվել է տարբեր ամբիոններից, որ «Ազգային փոխադրողը», իբր, պետության վրա թանկ կնստի, անընդհատ գումար կպահանջի, կաշխատի վնասով, դատարկ օդանավերով, և այլն...
Ինչպես երևում է փաստաթղթից, բոլոր նմանատիպ շահարկումները չունեն ոչ մի իրավական հիմք և որևէ հիմնավորում: Դրանք, լավագույն դեպքում, պատասխանատու աշխատանքից խուսափելու պարզագույն միջոցներ են»:
Ցանկացած տեղական ավիափոխադրող, նշում է վարչապետի նախկին խորհրդականը, անկախ նրա սեփականության ձևից, լավ աշխատանքի դեպքում ի վիճակի է դառնալ «Ազգային», որը ոչ թե իրավական հասկացողություն է, այլ արժանիքների գնահատման և ազդեցության ընդգծում:
Ցանկացած երկրի «Ազգային ավիափոխադրող», ըստ նրա, կարող է լինել միայն ա'յդ երկրի ռեզիդենտ ավիաընկերությունը:
Մի շարք երկրներում կան մի քանի «Ազգային ավիափոխադրողներ», (ՌԴ, ԱՄՆ, Արաբական Էմիրություններ, և այլն... )
«Բայց նրանցից ոչ մեկում կառավարությունները չեն աշխատում ի օգուտ օտարերկրյա ավիափոխադրողների, ի վնաս տեղականների, գրել է Հակոբ Ճաղարյանը եւ տեղական ավիափոխադրողների բազմակողմանի կարևորության, իսկ Հայաստանի համար կենսական անհրաժեշտության մասին կանդրադառնա հաջորդ գրառման մեջ:
Վերջում ավիատորը համոզմունք է հայտնել, որ լինելու են տեղական ավիափոխադրողներ․
«Ի հեճուկս ամբողջ ուժով նրանց դեմ պայքար մղողների»։
0Comments