Աստծուն հաճելի հատկությունը՝ ինքնատիրապետում

Երբ նկատում եք, որ ինչ-որ հարցերում դժվարանում եք ինքնատիրապետում դրսևորել, պարզապես փորձեք աղոթել և Աստծուց խնդրեք ներել ու օգնել

Մարդկային հարաբերություններում շատ կարևոր երևույթ է ինքնատիրապետումը։ Մեզանից յուրաքանչյուրը տարբեր է և կոնկրետ իրավիճակներում դրսևորում է որոշակի վարքագիծ: Երբեմն դժվարանում ենք վերահսկել ինքներս մեզ։

Հասունանալուն զուգահեռ՝ մենք փորձում ենք վերանայել նաև մեր վարքագիծը: Համբերատարությունը, ինքնավերահսկումը և հանդուրժողականությունը, թերևս, լավագույն հատկություններն են, որոնց բոլորին դուր են գալիս: Ցավոք, երբեմն չի հաջողվում պահպանել հանդարտ ու հավասարակշիռ վիճակը:

Ինքնատիրապետումը բնավորության ուժեղ գծերից մեկն է, ու երբ չի հաջողվում կառավարել սեփական զգացմունքները, պիտի փորձենք պատճառը լրիվ այլ տեղ փնտրել:

Համաձայնեք, շատերիս հետ է պատահում, երբ տարիներ շարունակ հավատարմորեն ծառայում ենք Աստծուն, հավատում Նրան ու երբեմն շատ պատահական մի փոքր հուսահատությունից հետո կորցնոււմ Նրա հետ մեր մտերմությունը ու ասում խոսքեր, որոնք այդ պահին վկայում են սեփական զգացմունքները չկառավարելու մասին:  

 Առհասարակ որևէ բան ասելուց կամ անելուց առաջ պետք է խորապես մտածել և հապճեպ քայլեր չձեռնարկել։ Երբ պետք է կարևոր որոշում կայացնել, հարկավոր է բավարար ժամանակ հատկացնել, Աստծուց իմաստություն խնդրել, քանզի մեզնից շատերն են զղջացել անմտածված խոսքերի կամ արարքների համար: Աստծո հաճությունը չկորցնելու համար մարդը պետք է կարողանա դիմադրել գայթակղություններին ու մեղսածին ցանկություններին տրվելուց առաջ մտածել, թե այդ ամենը ինչպես կանդրադառնա Աստծո հետ իր ունեցած փոխհարաբերությունների վրա։

Իսկ ինչու՞ է կարևոր զարգացնել ինքնատիրապետումը.

Նրանք, ովքեր կարողանում են ղեկավարել իրենց զգացմունքները, սովորաբար ավելի քիչ են խնդիրներ ունենում։ Այդպիսի մարդիկ էմոցիոնալ առումով ավելի հավասարակշռված են, նրանց համար ավելի հեշտ է ուրիշների հետ լավ փոխհարաբերություններ ունենալ։

Երբ նկատում եք, որ ինչ-որ հարցերում դժվարանում եք ինքնատիրապետում դրսևորել, պարզապես փորձեք աղոթել և Աստծուց խնդրեք ներել ու օգնել:

Նյութի աղբյուրը՝ qahana.am