Կրքերը չեն հանդարտվում. ի՞նչ իրավիճակ է ԱԱԾ-ում

Արգիշտի Քյարամյանի ենթակայության տակ կենտրոնացվել են կարևորագույն վարչություններ, ինչն անհամաձայնություն է առաջացրել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունում իրավիճակը շարունակում է լարված մնալ, որի պատճառը ոչ միայն Քյարամյանի նշանակումն է, այլեւ նրա վարքագիծը։

Նախ՝ պարզվում է, որ ԱԱԾ տնօրենի երիտասարդ տեղակալ Արգիշտի Քյարամյանի ենթակայության տակ կենտրոնացվել է երկու կարևորագույն վարչություն, որը բուռն դժգոհություն տեղիք է տվել, որովհետև Արգիշտի Քյարամյանն անցած երկու օրերի ընթացքում հասցրել է «փայլել» ցինիկ և պաշտոնյային ոչ վայել պահվածքով, ինչն էլ հարուցել է ոլորտի հին աշխատակիցների և սպաների վրդովմունքը։ Չնայած ԱԱԾ-ի պաշտոնական հերքումներին՝ մեր տեղեկություններով համակարգի մի քանի տասնյակ աշխատակից իրենց պաշտոններից ազատման դիմումներ են ներկայացրել։ ԱԱԾ տնօրենը փորձում է համոզել իր աշխատակիցներին հետ վերցնել դիմումները, որպեսզի համակարգը չկազմաքանդվի, սակայն, ըստ մեր տեղեկությունների՝ առայժմն դա նրան չի հաջողվել, իսկ սա նշանակում է, որ առաջիկայում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության գործունեությունը կարող է կաթվածահար լինել։

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելը եղել է իր քաղաքական որոշումը, ինչով էլ պայմանավորված օրենսդրական պահանջը շրջանցելու համար նա մեկ օրով նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ, հետո տեղափոխվել ԱԱԾ։

Ա.Քյարամյանը նախկինում զբաղեցնում էր ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնն ու կատարում ՊՎԾ պետի պարտականությունները՝ Դավիթ Սանասարյանի լիազորությունները կասեցնելուց հետո։

Նրա պաշտոնավարումն ուղեկցվեց սկանդալով, քանի որ պարզվեց, որ երիտասարդ պաշտոնյան մեծահարուստ է. Նա հայտարարագրել էր 32 միլիոն դրամ և 48 հազար ամերիկյան դոլար:

Արգիշտի Քյարամյանը սկզբում հրաժարվել էր ներկայացնել, թե ինչ պայմաններում է նման երիտասարդ տարիքում այդքան ունեցվածք կուտակել՝ ասելով, թե հաշվետու չէ իր ունեցվածքի հարցում, ապա հասարակական մեծ բողոքի ալիքից հետո նշեց, թե գումարները իրեն նվիրել են քեռին եւ արտերկրում գտնվող այլ բարեկամներ: