Մեր տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։ Մենք կապվեցինք Գրիգորյանի հետ, հարցրինք՝ արդյո՞ք հրաժարական է տվել։
«Եկեք չմեկնաբանեմ էլի, ինձ մի զանգեք։ Մամուլ ունենք»,- ասաց Գրիգորյանը։
Նշենք, որ Գրիգորյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շրջակա միջավայրի պահպանությունը յուրաքանչյուրիս գործն է, անկախ մասնագիտությունից, աշխատավայրից և նախասիրություններից»։
Էրիկ Գրիգորյանը ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 17-ին Կապան քաղաքում։1995-2000 թվականներին սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետի՝ բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտության բաժնում։ 2004-2005 թվականներին սովորել է Էգեյան համալսարանի, բնապահպանական գիտությունների ֆակուլտետում, ուսումնասիրել է շրջակա միջավայրի կառավարման և քաղաքականության միջազգային անսպիրանտական ծրագիրը։
2007 թվականին սովորել է Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանում, ուսումնասիրել է շրջակա միջավայրի կառավարման միջազգային հետբուհական դիպլոմավորված ծրագիրը։ 2008-2009 թվականներին սովորել է Սալոնիկի Արիստոտելի համալսարանում, ստացել է դոկտորական ուսում, ուսումնասիրել է շրջակա միջավայրի տնտեսագիտությունը։
Աշխատել է էկոհամակարգերի տարբեր ծրագրերում։ 2017 թվականի փետրվարի 22-ից աշխատել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական։
Հայաստանում, Ռուսաստանում, Հունաստանում և Գերմանիայում տպագրված մի շարք հրատարակությունների, գիտական հոդվածների հեղինակ է։
2018-2019 թվականներին զբացղեցրել է բնապահպանության նախարարի պաշտոնը, 2019 թ.-ից ՀՀ շրջակա միջավայրի նախարարն է։
Էրիկ Գրիգորյանը medialab.am կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանի եղբայրն է։
0Comments