Երևանում երեխաներին 9-րդ հարկից ցած նետած տղամարդը 40 տարեկան է, երեխաները՝ 8 և 5 տարեկան

Նման դաժան դեպք երևի Հայաստանի պատմության մեջ չէր եղել, չգիտենք, շոկի մեջ ենք. հարևաններ
ինքնասպանություն

Այսօր՝ մայիսի 5-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սայմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 92 և 91 շենքերի արանքում դիեր կան:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի, օպերգծով տեղակալ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ հոգեբանական ծառայության խումբը՝ հոգեբան Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են 91 շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի և 5-ամյա աղջնակի դիերը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Հայրը երեխաների հետ բնակվում էր 92 շենքի 9-րդ հարկում, և մեզ հասած տեղեկություններով՝ հայրը երեխաներին գցել է պատուհանից, իսկ հետո իրեն է նետել, նման դաժան դեպք երևի Հայաստանի պատմության մեջ չէր եղել, չգիտենք, շոկի մեջ ենք»:

Այս պահին դեպքի վայրում աշխատում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գարեգին Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Հարևանները նշում էին նաև, որ երբեք վատ բաներ չեն տեսել, բնութագրում էին դրական, և որ նա ամուսնալուծված էր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: