Արդարացված չէ Հայաստանի բոլոր բնակիչներին ֆինանսական օգնություն բաժանելը. Ֆինանսների նախարար

Այս գումարները պետք է նպատակային օգտագործվեն. Ատոմ Ջանջուղազյանը՝ Էդմոնդ Մարուքյանին

Հայաստանի բոլոր բնակիչներին ուղղակիորեն ֆինանսական օգնություն բաժանելու առաջարկը դժվար է արդարացված անվանել: Այս մասին ապրիլի 29-ին Ազգային ժողովի արտահերթ նիստին «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց ՀՀ Ֆինանսների նախարար  Ատոմ Ջանջուղազյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոնդ Մարուքյանի հայտարարությանը:

«Լուսավոր Հայաստան»-ը, մասնավորապես, առաջարկել էր իշխանություններին բնակչությանн անհատույց օգնություն տրամադրել երկրի ՀՆԱ-ի 5-10 տոկոսի չափով: Նախարարի խոսքով` պարզ չէ, թե ինչու պետք է օգնություն տրվի եւ այն մարդկանց, ովքեր կորցրել են աշխատանքը, եւ նրանց, ովքեր շարունակում են աշխատել եւ աշխատավարձ ստանալ, օրինակ` ամսական 200-300 հազար դրամ:

«Հարց է առաջանում` ինչու է պետք այդ մարդկանց աջակցության համար ծախսել բյուջետային միջոցները եւ մեծացնել պետական պարտքը»,- ասաց Ջանջուղազյանը: Ֆինանսների նախարարի կարծիքով` ֆինանսական աջակցություն պետք է ստանան այն մարդիկ, ովքեր կորցրել են աշխատանքը, կամ այն ձեռնարկությունները, որոնք փորձում են պահպանել աշխատատեղերը:

Ինչ վերաբերում է գանձապետական հաշվի չօգտագործված միջոցներին, ապա, ինչպես նշեց նախարարը, այդ գումարն ամբողջությամբ հասանելի չէ անհապաղ ծախսերի համար: Այս միջոցների մի մասը ենթակառուցվածքային նախագծերի վարկային ծրագրերի մնացորդն է: «Այս գումարները պետք է նպատակային օգտագործվեն. եթե այդ գումարով հարկավոր է էլեկտրացանցերը վերանորոգել, ապա այն չի կարելի ուղղել, ասենք, կենսաթոշակների վճարմանը: Մյուս մասը քաղաքային բյուջեների միջոցներն են, որոնք կենտրոնական կառավարությունն իրավունք չունի տնօրինելու»,- պարզաբանեց նախարարը: