Իմ գրառումները համաձայնեցված են եղել վարչապետի հետ. Փաշինյանի խոսնակ. hraparak.am

Եթե պարզվի, որ իմ հայտարարությունների մեջ կան նույն անմեղության կանխավարկածի սկզբունքը խախտող դրույթներ և այլն, ես պատրաստ եմ կրել դրա պատասխանատվությունը
մանե գևորգյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառումներ կատարեց, որոնք դարձան համընդհանուր քննարկման ու քննադատության թեմա։ Մասնավորապես, խոսնակը գրառում էր կատարել Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի «թալանի», նաև Սերժ Սարգսյանի փեսա, նախկին դեսպան Միքայել Մինասյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ տարբեր ընկերություններում «կեղծ փայ մտնելու» վերաբերյալ, նրանց անվանել էր մաֆիոզներ, հանցագործներ եւ այլն։ Շատերը վարչապետի խոսնակին մեղադրեցին իր պաշտոնեական լիազորություններն անցնելու, մարդկանց անմեղության կանխավարկածը խախտելու, դատարանի դեր ստանձնելու և իրավական ու քաղաքական գնահատականներ հնչեցնելու մեջ։ Իսկ Միքայել Մինասյանն էլ այսօր իր ֆեյսբուքյան էջում հումոր էր արել, թե Նիկոլ Փաշինյանը գողացել է իր խոսնակի ֆեյսբուքյան էջի գաղտնաբառը եւ ՀԺ-ի անանուն խմբագրականներից բացի նաեւ խոսնակի անունից է հայտարարություններ անում։ Այս թեմայով Hraparak.am-ը զրուցեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հետ։

-Մանե, նախ ուզում էի իմանալ այդ գրառումները Ձեր սեփական նախաձեռնությա՞մբ եք կատարել, թե՞ վարչապետն է հանձնարարել։

-Իմ նախաձեռնությամբ է եղել, բայց պարզ է, որ դա համաձայնեցված է եղել վարչապետի հետ։

-Այսինքն՝ Դուք վարչապետի՞ խոսքն եք ներկայացրել, այլ ոչ՝ Ձեր անձնական տեսակետը։

-Չէ, նաև, իհարկե, նաև․․․ այդ համաձայնեցնելը նաև դա է ենթադրում, որ բացի իմ անձնականից, այդ ամենը համաձայնեցված է նաև վարչապետի հետ։

-Հիմա հանրությունը ինչպե՞ս պետք է ընկալի՝ որպես վարչապետի խոսնակի՞ գրառում, թե՞ զուտ Մանե Գևորգյանի անձնական գրառում։

-Վարչապետի խոսնակի գրառում, իհարկե։

-Ձեր գրառումներում Դուք գնահատականներ եք տվել, որտեղ նաև կոնկրետ մեղադրանքներ կան կոնկրետ անձանց հասցեին՝ քրեական մեղադրանքներ։ Դուք փաստեր ունե՞ք դրանց վերաբերյալ։

-Այս պահին փաստերի կամ չփաստերի մասով ես ավելին, քան էն, ինչ որ տեղ է գտել իմ գրառումների մեջ, չեմ կարող ավելացնել։

-Այսինքն՝ Դուք չե՞ք կարող հիմնավորել, որ Միքայել Մինասյանը կեղծ փայատեր է, օրինակ, «Սպայկա» ընկերությունում,  «Երեւան մոլում», «Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում։ 

-Ես չեմ ուզում հիմնավորումներ տալ այս պահին, եթե ցանկություն ունեք ավելին տեղեկանալու, կխնդրեմ կապ հաստատել համապատասխան մարմինների հետ, և թող իրենք պարզաբանեն։

-Ովքե՞ր են այդ համապատասխան մարմինները։

-Իրավապահ մարմինները։

-Իսկ Դուք, որ գրել եք, ինչի՞ վրա եք հիմնվել, իրավապահ մարմինների փոխանցած տվյալների՞, թե՞ Ձեր անձնական դատողություններն եք ներկայացրել։

-Վահե ջան, այդ մասով, ինչպես ասացի, ես ավելացնելու որևէ բան չունեմ, եթե Ձեզ ավելի շատ տեղեկատվություն է պետք, խնդրում եմ դիմել իրենց։

-Բայց Ձեր այս գրառումներից կարող է ստացվել, որ զրպարտություն է կամ հերյուրանք, և մարդիկ կարող են Ձեզ դատի տալ դրա համար։

-Էլի թող համապատասխան մարմինները զբաղվեն այդ հարցով, ես խնդիր չունեմ, էլի, թող զբաղվեն, միանշանակ։

-Բայց Դուք պաշտոնական կողմ եք ներկայացնում, վարչապետի խոսնակն եք և վարչապետի խոսքն եք ներկայացնում, ու ասել եք, որ Արթուր Վանեցյանը ԶՊՄԿ-ում փայ ունի, Միքայել Մինասյանը «Երևան մոլում» և այլ ընկերություններում, Գագիկ Խաչատրյանն էլ թալանով է զբաղվել։

-Դատախազությունը այսօր առավոտյան հայտարարություն էր տարածել, եթե Ձեզ ավելի մանրամասներ են հարկավոր, խնդրում եմ՝ իրենց հետ խոսեք։ Բայց այս պահի դրությամբ՝ այն, ինչ որ ես կատարել եմ, իմ գրառումներին ավելացնելու որևէ բան չունեմ։ 

-Այսինքն, եթե հիմա, օրինակ, Ձեր գրառումներում հիշատակված անձինք որոշեն իրենց պատիվն ու արժանապատվությունը պաշտպանել և դիմեն դատարան, Ձե՞ր դեմ են դիմելու, թե՞ վարչապետի դեմ։

-Իհարկե, իմ դեմ։

-Այսինքն՝ ստացվում է, Դուք պետք է հիմնավորեք, որ Մինասյանը, Վանեցյանը և մյուսները այս կամ այն ընկերությունում փայ ունեն կամ թալանել են։ Թե՞ այդպես չէ։

-Այո։

-Իսկ Դուք ունե՞ք այդ հիմնավորումները, եթե Ձեզ կանչեն դատարան։

-Երբ որ ժամանակը գա, և ինձ դատի տան, ու ես կանգնեմ դատարանի առաջ, իհարկե։

-Միքայել Մինասյանն այսօր գրառում էր արել՝ ենթադրելով, որ վարչապետը գողացել է Ձեր ֆեյսբուքյան էջի գաղտնաբառը։ Սրան ինչպե՞ս կարձագանքեք։

-Ես ընդհանրապես չեմ ուզում մեկնաբանել Միքայել Մինասյանին էս դեպքում։

-Ձեր նախորդ գրառման մեջ նշել էիք, որ կառավարությունը, կառավարության աշխատակազմը տվյալներ ունի Գագիկ Խաչատրյանի և մյուսների մասով։ Ուզում եմ հասկանալ՝ կառավարությունն ու աշխատակազմն ինչպե՞ս են այդ տվյալները հավաքում,  դա, կարծես թե, իրավապահ մարմինների գործն է։

-Հա, գիտեմ, հասկանում եմ, բայց չեմ ուզում մեկնաբանություն տալ։

-Իսկ այդ տվյալները, որոնք հավաքել եք, փոխանցե՞լ եք իրավապահ մարմիններին։

-Իրավապահ մարմինները զբաղվում են այս հարցերով․․․ այդքանը։

-Ձեզ նաև լրագրողական կազմակերպություններ ու անհատներ էին քննադատել, որ վարչապետի խոսնակն անցնում է իր լիազորությունների սահմանները։ Նախկինում ես էլ չեմ հիշում, որ որևէ վարչապետի խոսնակ նման դաշտ մտներ և նման գնահատականներ հնչեցներ։ Որքանո՞վ է սա նորմալ խոսնակի լիազորությունների առումով։

-Լիազորությունների առումով, կրկին, իմ գրառումները համաձայնեցված են եղել իմ անմիջական ղեկավարի՝ վարչապետի հետ, և երկրորդը՝ այն, որ որոշ կազմակերպություններ կամ անհատներ մեղադրում են ինձ կամ ազատորեն իրենց կարծիքն են արտահայտում, դա շատ նորմալ, բնական երևույթ է, և այդպես էլ պետք է լինի։ Տարօրինակ կլիներ, որ չլիներ դա։

-Մեզ համար էլ տարօրինակ է, որ վարչապետի խոսնակն է նման դաշտ մտնում։

-Դա Ձեր անձնակա՞ն կարծիքն է։

-Իմ՝ որպես լրագրողի, նաև լրագրողական համայնքից շատերի, որովհետև մեր պատերացմամբ՝ խոսնակի գործառույթը ընդամենը ինֆորմացիա փոխանցելն է և իր գերատեսչության, իր ղեկավարի ու լրատվամիջոցների միջև կապ հաստատելը, այլ ոչ թե քաղաքական կամ իրավական գնահատականներ հնչեցնելը։

-Խոսնակները տարբեր են լինում, ամեն խոսնակ իր գործելաոճն ունի։ Բայց, էլի եմ ասում, այն, որ թեկուզ լրատվական դաշտում նույն ձեր լրատվամիջոցն, օրինակ, ինչպես Դուք ասացիք՝ զարմանում եք, որ նման գրառումների եք ականատես լինում, ես էլի եմ ասում՝ նորմալ է։ Ես, ամեն դեպքում, չեմ կարող չհարգել նաև դիմացինի կարծիքը, այդ թվում՝ Ձեր կարծիքը կամ որևիցէ մեկի կարծիքը։

-Մի բան հստակեցնենք՝ Դուք մի կողմից հայտարարում եք, որ Ձեր գրառումները վարչապետի հետ համաձայնեցված են, մյուս կողմից էլ հայտարարում եք, որ եթե դատի դատ, թող Ձեզ դատի տան։ Հիմա սա վարչապետի՞ խոսքն է, որը փոխանցել է իր խոսնակը, թե՞ խոսնակի անձնական տեսակետն է։

-Ես հանդես եմ գալիս որպես վարչապետի մամուլի խոսնակ, և, էլի եմ ուզում ասել, որ, որպես վարչապետի մամուլի խոսնակ, եթե պարզվի, որ իմ հայտարարությունների մեջ կան նույն անմեղության կանխավարկածի սկզբունքը խախտող դրույթներ և այլն, ես պատրաստ եմ կրել դրա պատասխանատվությունը։

Նյութի աղբյուրը՝ hraparak.am