Ու՞ր է 1 միլիարդից ավել կազմող գումարը. պատգամավորի հարցը՝ կառավարությանը

Կառավարությունը ստիպված է լինելու նորից լսել այդ հարցը, պարզաբանել այն և պատասխանատվության ենթարկել մեղավորներին

Մեկ տարուց ավել փորձում եմ պատասխան ստանալ, թե ուր է արդեն մեկ միլիարդից ավել կազմող զինծառայողների սոցապահովության հիմնադրամի հաշվետվություններում չերեւացող գումարը։ Այս մասին հայտարարությու է տարածել ԱԺ պատգամավոր Տիգարն Ուրիխանյանը, ով դուրս է եկել ԲՀԿ խմբակցությունից:

Նա, մասնավորապես, նշել է.

«Վստահ եմ, վարչապետի հետ իմ ունեցած մի քանի հարցուպատասխանները հիշում են բոլորը, հիշում են նաեւ վերջինը, երբ ես համաձայնեցի վարչապետ Փաշինյանի առաջարկին` հանձնարարել ՊՎԾ-ին ստուգում իրականացնել։ Մինչ օրս որեւէ տեղեկություն դրանից չկա։

Մինչդեռ տեղի ունեցավ այլ բան՝ կառավարությունը որոշեց հանել ինձ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից՝ ներկայացնելով այն որպես ԲՀԿ-ի առաջարկ` խմբակցությունից իմ դուրս գալու պատճառով, ինչը կամ ապօրինի է, որովհետեւ նման բան չի կարող լինել ըստ հիմնադրամի կանոնադրության (այս հանգամանքը կարող է ստուգել յուրաքանչյուր մարդ բաց տիրույթում), կամ սուտ է, որովհետեւ ոչ Խորհրդարանը, ոչ էլ որեւէ խմբակցություն իրավասու չեն Հիմնադրամի խորհրդի ձեւավորմանը մասնակցել։

Հատկապես, վստահ եմ, որ ԲՀԿ-ի մեր գործընկերները հիանալի հասկանում են, թե ժողովրդին պատկանող անհետացած գումարների վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնողի փոխարինումը հենց այս պահին ինչ ընկալում կարող է հանրության մեջ առաջացնել։ Այս հանգամանքը խոսում է նրա մասին, որ կառավարությունն ինքն է դիմել խմբակցությանը փոփոխության առաջարկով, իսկ ապացուցում է դա այն, որ դեռ մի քանի շաբաթ առաջ կառավարության ներկայացուցիչն իմ աշխատակցի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հիմնադրամի խորհրդում իմ կարգավիճակի հարցը։

Եզրակացությունները ժողովրդին, բայց կա մի բայց՝ ես գործող պատգամավոր եմ, ու ամեն քառօրյա կառավարությունը ստիպված է լինելու նորից լսել այդ հարցը, պարզաբանել այն եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին։