«Բանակցվում է փուլային տարբերակը». Մամեդյարով

Նա նշել է, թե «հայկական կողմը, զգալով, որ փակուղի է մտել, փորձում է վնաս հասցնել բանակցային գործընթացին, միևնույն ժամանակ մեղքը գցելով Ադրբեջանի վրա»

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը minval.az կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Ադրբեջանն իրավունք ունի միջազգայնորեն ճանաչված սահմաններում վերականգնել իր տարածքային ամբողջականությունը բոլոր միջոցներով»:

Լրագրողը հիշեցրել է, որ մի քանի օր առաջ տեղի են ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները տեսակապի միջոցով: Նրա հարցին այն մասին, թե արդյոք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ փուլային տարբերակով ԼՂ խնդրի կարգավորման մասին հայտարարությունից և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի` Լավրովին հակադարձելուց հետո ճիշտ չէր լինի ընդհանրապես հրաժարվել այս տեսափուլից, կամ արդյոք իմաստ ունեն հետագա բանակցություններն այն պարագայում, երբ հայկական կողմը հրաժարվում է դուրս բերել զորքերը, Մամեդյարովը պատասխանել է, որ ապրիլի 21-ին տեղի ունեցած բանակցությունները տարբերվել են միայն հեռավար կազմակերպմամբ, սակայն դրանք ընթացել են նույն ձևաչափով և օրակարգով:

«Հիմնվելով ինչպես մեր պետության բարձրագույն օրենքի, այնպես էլ միջազգային իրավունքի վրա՝ Ադրբեջանն իրավունք ունի ցանկացած միջոցով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»,-ասել է Մամեդյարովը:

Նրա խոսքով՝ ՀՀ արտգործնախարարը ՌԴ արտգործնախարարի՝ փուլային կարգավորման մասին հայտարարությանը պատասխանեց, որ հողերի վերադարձի հարց չի քննարկվում, ինչպես նաև խոսեց անվտանգության հարցերի և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի մասին: Ըստ Մամեդյարովի՝ «այդ հայտարարությունն արվել է ներքին լսարանին հանգստացնելու համար, հակառակ դեպքում հայտարարությունից ժամեր անց նա պարզապես չէր միանա տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվող բանակցություններին»: Նա նշել է, թե «հայկական կողմը, զգալով, որ փակուղի է մտել, փորձում է վնաս հասցնել բանակցային գործընթացին, միևնույն ժամանակ մեղքը գցելով Ադրբեջանի վրա»:

«Համանախագահների կողմից մեկ անգամ չէ, որ ուրվագծվել են բանակցությունների շրջանակները և դրանցում միշտ եղել են կարգավորման փուլային տարբերակի տարրերը»,-նշել է Մամեդյարովը:

Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, թե ինչ է իրենից ներկայացնում փուլային տարբերակը, հնչեցրել է «Ղարաբաղում երկու համայնքների համատեղ ապրելու» և «Լեռնային Ղարաբաղի շրջակա 7 տարածքների վերադարձի մասին» թեզերը: Հայկական կողմին էլ Մամեդյարովը «խորհուրդ է տվել սեփական ժողովրդին պատրաստել խաղաղության»:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կազմակերպած առցանց կլոր սեղանի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ներկայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին գտնվում է փաստաթուղթ, որն Անդրկովկասում ձգձգված հակամարտության փուլային կարգավորում է ենթադրում: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով ՌԴ արտգործնախարարի հայտարարությանը, ըստ որի՝ բանակցային սեղանին դրված է փուլային կարգավորման տարբերակը, հայտարարել էր, որ Արցախի հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքների մեջ գոյություն ունի ինքնորոշման սկզբունքը, որը հայկական կողմերի համար առաջնային, գերակա տարրն է: Ըստ Զոհրաբ Մնացականյանի` խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով, իսկ զիջումներ չեն եղել և չեն լինելու:

Աղբյուրը՝ tert.am