Հինգերորդ միջոցառում․ աջակցության հերթական իմիտացիան

Բազմաթիվ տնտեսվարողներ հնարավորություն չունեն օգտվել համապատասխան աջակցությունից
Հայկ Ֆարմանյան

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հերթական իմիտացիոն, անարդար կամ անտրամաբանական ծրագրերից մեկի վերաբերյալ․․

Որպես շարունակություն, հանրության ուշադրությանն եմ ներկայացնում, ՀՀ կառավարության կողմից սահմանված՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման տնտեսական հինգերորդ միջոցառման հակիրճ վերլուծությունը, որը նույնպես (նախորդ անգամ ներկայացրել եմ կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման հակիրճ վերլուծությունը) ոչ այլ ինչ է, քան աջակցության իմիտացիա, որի արդյունքում բազմաթիվ տնտեսվարողներ հնարավորություն չունեն օգտվել համապատասխան աջակցությունից․

• Նշված ծրագրի նպատակն է՝ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ աշխատատեղերի պահպանման աջակցությունը
• Օժանդակության ձևը՝ միանվագ դրամաշնորհ, ամեն 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով
Պոտենցիալ շահառուների համար սահմանված են հետևյալ ֆիլտրերը (զտիչները) կամ պայմանները․
• Ռեզիդենտ տնտեսվարողները պետք է ունենան 2-ից 50 աշխատատեղ
• Հիմնական պայմանը այն է, որ 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում համապատասխան տնտեսվարող սուբյեկտը պետք է անընդհատ ունեցած լինի 2-ից մինչև 50 վարձու աշխատակից և նշված ընկերությունների վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը նվազած չպետք է լինի նշված ժամանակահատվածում:

Վերլուծելով վերը նշվածը՝ առնվազն առաջանում են հետևյալ խնդրահարույց հարցերը․

Ա) Գործող հարկային օրենսգրքով՝ ներկայումս եկամտահարկի դրույքաչափը սահմանված է 23 տոկոս, միաժամանակ օժանդակությունը, ըստ աջակցության ծրագրի, տրամադրվում է յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով, որը համարժեք է մեկ աշխատողի աշխատավարձի 20 տոկոսին․ ստացվում է, որ աջակցության չափը ավելի փոքր է քան տնտեսվարողների կողմից վճարվող եկամտահարկի չափը։

Հետևությունները թողնում եմ հանրությանը․․․։

Բ) Եթե աջակցության նպատակը աշխատատեղեր պահպանած տնտեսվարող սուբյեկտներին խրախուսելն է, ապա տրամաբանորեն պետք է աջակցություն ստանան այն տնտեսվարողները, որոնք պահպանել են բոլոր աշխատատեղերը՝ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԻՑ ՀԵՏՈ, մինչդեռ նշված ծրագրի շրջանակներում, կառավարության կողմից սահմանված ֆիլտրերի համաձայն՝ պոտենցիալ շահառու հանդիսացող տնտեսվարողները պետք է պահպանած լինեն բոլոր աշխատատեղերը նաև ՄԻՆՉԵՎ արտակարգ դրության ռեժիմի անցնելու ամսաթիվը (մարտի 16-ը), որը ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ և ԱՆԱՐԴԱՐ մոտեցում է։

Որևէ տնտեսվարող սուբյեկտ, բնականաբար չէր կարող գուշակել կամ ենթադրել, որ պետք է սահմանվի արտակարգ դրություն, թե ի՞նչ տրամաբանությամբ է որոշված 01.01.2020թ-ից 01.04.2020թ-ը ընկած ժամանակահատվածը՝ պարզ չէ։ Թերևս տրամաբանական կլիներ ժամկետը սահմանել արտակարգ դրության ռեժիմի անցնելու ամսաթվից հետո․․․։

Գ) Բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների չի տրամադրվել աջակցություն այն պատճառաբանությամբ, որ մինչև արտակարգ դրության ռեժիմի անցնելու ամսաթիվը, օրինակ հունվար կամ փետրվար ամսին, այդ տնտեսվարողի կոնկրետ աշխատակից ազատվել է աշխատանքից․ հարց․ իսկ եթե այդ կոնկրետ աշխատակիցն ազատվել է իր կամքով, ապա ո՞րն է այդ գործատուի «մեղավորությունը»։

Կարծում եմ, որ նմանատիպ իրավիճակում բազմաթիվ տնըտեսվարողներ ՆՈՒՅՆԻՍԿ տուժել են, քանի որ տրամաբանորեն կադրերի արտահոսքի պատճառով խաթարվել է բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների բնականոն գործունեությունը․ հաջորդ խնդրահարույց հարցն այն է, որ խոսվում է «աշխատավարձի ֆոնդ» հասկացության մասին, մինչդեռ չի հստակեցված, թե ի՞նչ է նշանակում աշխատավարձի ֆոնդի պահպանությունը․ բազմաթիվ տնտեսվարողներ պնդում են, որ իրենք որևէ ֆոնդ չեն կրճատել, բնական է, որ աշխատանքից ազատված աշխատակցի կամ աշխատակիցներին վճարվող աշխատավարձերի չափով նրանք խնայել են, սակայն աշխատավարձի ֆոնդ չեն կրճատել։

Շարունակելի․․․

Հայկ ՖԱՐՄԱՆՅԱՆ
«Մեկ Հայաստան» կուսակցության Քաղխորհրդի անդամ,
տ․գ․թ․,դոցենտ