Թրամփն այս տարի հայերի հետ կատարվածը ցեղասպանություն կճանաչի՞

Դուք ունեք բավականաչափ ուժ և կարողություն շտկելու պատմության սխալները

Չնայած պատմության ճնշող ապացույցներին՝ Թուրքիայի իշխանությունները մինչ օրս ժխտում են Հայոց ցեղասպանությունը, իսկ Թուրքիայի՝ ռազմական և տնտեսական կարևորության ֆոնին ԱՄՆ-ում շարունակում է կիսատ մնալ Հայոց ցեղասպանության ամբողջական ճանաչման հարցը։ Ամերիկյան Fresno Bee-ում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, Թերթ․am-ի փոխանցմամբ գրում է Թեդ Ուեբերը: 

Նշվում է, որ ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանից հետո որևէ ԱՄՆ առաջնորդ պաշտոնական կարգավիճակ չի տվել Օսմանյան կայսրությունում քրիստոնյա հայերի հետ պատահածին, որն, այնուամենայնիվ, անցյալ տարի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից ճանաչվեց որպես ցեղասպանություն:

Հոդվածում ասվում է, որ եթե ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը չհաղթի աշնանը տեղի ունենալիք նախագահական ընտրություններում, ապա այս ուրբաթը ճիշտ քայլ անելու նրա վերջին հնարավորությունը կլինի։ Հոդվածում պարբերականի The Bee’s Valley Voices էջին գրող Ֆրեզնո քաղաքից երեք հայի խնդրել են նշել, թե ինչ խոսք նրանք կցանկանային հղել Թրամփին հնարավորության դեպքում, ինչին ի պատասխան՝ վերջիններս նշել են, որ իրենց միակ խնդրանքը և կոչը նախագահին պատմական արդարության վերականգնումն ու Հայոց ցեղասպանության ճանաչումը կլիներ։

«Բոլոր նահանգները, բացի մեկից, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, Սենատն ու Ներկայացուցիչների պալատը՝ նույնպես: Ժամանակն է, որ Դուք ճիշտ որոշում կայացնեք և վերջ տաք Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը»,- նշել է ֆրեզնոյաբնակ Սևակ Թադեոսյանը։

Պաուլին Սահակյանն, իր հերթին, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեպքում Թուրքիայի՝ տնտեսական և դիվանագիտական հետևանքների սպառնալիքն ահաբեկում է որակել՝ նշելով, որ ամբողջ աշխարհը գիտի, որ հայերի և թուրքերի միջև պատերազմ չի եղել, և հայերը «էթնիկ զտման» անվան տակ են ոչնչացվել։ Հայուհին ամոթալի է համարել ցեղասպանությունից մազապուրծ եղածներին տուն տված ԱՄՆ-ի կողմից ճշմարտության ժխտումը և ընդգծել է, որ Օսմանյան կայսրությունն այժմ չկա, սակայն վերապրածների սերունդը կա, որն իր ընտանիքների պատմությունն իր հոգում, իր երեխաների, թոռների և ծոռների սրտում է պահում՝ կոչ անելով ԱՄՆ քաղաքական գործիչներին ճանաչել կատարվածը։

Սիլվա Էմերյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին նրա գործունեության համար և նշել, որ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ նա կշտկի պատմության սխալը: «Դուք ունեք բավականաչափ ուժ և կարողություն շտկելու պատմության սխալները: Ամերիկյան երազանքն այս երկրի հիմնարար սկզբունքն է․ խնդրում եմ օգնել մեզ իրագործելու մեր հայկական երազանքը»,- նշել է ամերիկաբնակ հայուհին։

«Միգուցե այս տարի նախագահ Թրամփը վերջապես 20-րդ դարասկզբին հայերի հետ կատարվածը ցեղասպանություն ճանաչի»,- գրում է հոդվածագիրը՝ հավելելով, որ միգուցե այդժամ բուժվեն տեղի հայերի՝ Սևակ Թադեոսյանի, Պաուլին Սահակյանի և Սիլվա Էմերյանի վերքերը: