Նախագահին կոչ եմ անում չստորագրել «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը և ուղարկել ՍԴ

Մենք «պանդորայի արկղ» ենք բացում՝ երկարատև բացասական հետևանքներով

Ազգային ժողովն ապրիլի 16-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծն ու կից ներկայացված նախագծերի փաթեթը,որը, ըստ էության, թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Օրենքը վերաբերում է մինչև 1991 թվականը ձեռք բերված գույքին:

Այս  հարցի վերաբերյալ Tert.am-ը զրուցել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր, ռազմավարական կառավարման մասնագետ Ավետիք Չալաբյանի հետ:

«Եթե օրենքի կիրառումը տեղի ունենա իր տառին համապատասխան, ապա 29 տարվա ընթացքում խոսքը կվերաբերի տասնյակ հազարավոր դեպքերի, և այդ բոլորը դեպքերը պետք է վերաքննվեն, արած-չարածը հայտնաբերեն, դատապարտվեն և իրենց ձեռքից բերած գույքը հայտնվում է  թիրախի տակ»-ասաց Չալաբյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում կա արդարության հաստատման խնդիր, հասարակությունը դա ուզում է, և այն անձինք ովքեր չարաշահել են իրենց դիրքն ու պետական ռեսուրսը, դրա դիմաց պատասխանատվության պետք է կանչվեն:

«Բայց խնդիրն այն է, թե ինչ շրջանակներում ենք դա անում՝ խոսքը հնչեղ անուններին է  վերաբերում, թե տասնյակ հազարավոր մարդկանց: Առաջին դեպքում խոսքը սահմանափակ գործերի մասին է, եթե երկրորդ տարբերակն է, ապա դա երկիրը կվերածի քաոսի»,-ասաց Չալաբյանը:

Մեջբերելով միջազգային փորձը՝ Ավետիք Չալաբյանն ասաց, որ միջազգային պրակտիկայում մեխանիզմ աշխատում հետևյալ կերպ. եթե անձը ծանր հանցագործություն է գործել, մեղքն ապացուցվել է դատավճռով, ապա  միայն այդ դեպքում է այս մեխանիզմը գործում:

«Դա ենթադրում է, որ մարդը արդեն մեղավոր է ճանաչված, մեր դեպքում կա 5-րդ հոդվածը, որով օրենքը տարածվում է ոչ միայն այն մարդկանց նկատմամբ, ովքեր դատավճռով մեղավոր են ճանաչվել, այլև այն մարդկանց վրա, որոնց նկատմամբ քրեական վարույթ է հարուցված, սակայն դեռ մեղավոր չեն ճանաչվել, բացի այդ, տարածվում է նաև այն մարդկանց վրա, որոնց նկատմամբ կասկած է առաջացել և քրեական գործ հարուցած չէ:  Կասածի առաջացման համար բազմաթիվ պատճառներ կարող են լինել, ընդհուպ մեկի գրառումը, հեռախոսազանգը: Արյդունքում գույքը կարող է բռնագանձվել, հետո այդ մարդը դատարանում արդարացվում է, գործը կարճվում է, բայց մարդու գույքը բռնագանձված է, հարց է առաջանում, այդ դեպքում մարդու գույքը ինչո՞ւ եք բռնագանձել, կամ եթե բռնագանձել եք, ինչու հետադարձ մեխանիզմ չկա, որ մարդը գույքը վերադարձնի: Քանի որ օպերատիվ կասկածի առաջացման դեպքում կասկածի մեծ կամայականություն կա, ապա բազմաթիվ մարդիկ կարող են հայտնվել դատախազության թիրախում, նրանց գույքը բռնագանձեն, բայց պարզվի, որ մարդն անմեղ է: Հաշվի պետք է առնել նաև այն, որ այդ ողջ գործընթացը գաղտնի է, ի տարբերություն քրեական հետապնդման, երբ նրան ներգրավվում են գործում»,-ասաց Չալաբյանը:

Հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա այս օրենքը ներդրումների տեսակետից, քանի որ ստացվում է, որ որևէ գույք կամ տարածք ձեռք բերելու և բիզնես ներդրում  անելու համար, գործարարը նախ պետք է ստուգի, թե արդյոք այդ գույքը, որն ինքը պատրաստվում է առնել, ձեռք է բերվել օրինական ճանապարհով, Ավետիք Չալաբյանն ասաց, որ այդտեղ ևս խնդիր կա, քանի որ այսպես, թե այնպես ՀՀ-ում բիզնես միջավայրը ոչ բարենպաստ է:

«Այս օրենքը բերելու է նրան, որ ներդրումային միջավայրն ավելի վատը դառնա, որովհետև ամենամեծ բացն այն է, որ օրենքի 20-րդ հոդվածով օրենքը տարածվում է նաև բարեխիղճ գնորդների վրա: Հիմա այս օրենքով բարեխիղճ գնորդի սահմանումը փոխվել է, դա ոչ թե այն մարդն է, ով լրացուցիչ պետք է ապացուցի, որ գույքը գնելու պահին տեղյակ չի եղել, որ այդ գույքը վաճառողը այն ապօրինի միջոցներով է ձեռք բերել: Դա նշանակում է, որ դատախազությունը կարող է գալ ու ասել, որ այս գույքը ձեռք բերելու ժամանակ  դու պետք է իմանայիր, որ գույքի տերը այն ապօրինի միջոցներով է ձեռք բերել:

«Մենք օրենք ենք ընդունում, որ օգուտ տանք, եթե մենք նման իրավիճակներ ենք ստեղծում, ապագայում ո՞վ դրանից լավ լինելու, եթե մեր երկրում ներդրումները կրճատվեն»,-ասաց Չալաբյանը:

Հարցին, թե «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքով ինչ է սպասվում բանկերում գրավադրված գույքերին, Ավետիք Չալաբյանն ասաց, որ հարվածի տակ են դրվում բանկերը՝ բացարձակ անիմաստ. «Այս օրենքն անցնում է աբսուրդի գիծը, կոչ կանեի նախագահին՝ դիմել Սահմանադրական դատարան, եթե նախագահը ստորագրի այս օրենքը, մենք պանդորայի արկղ ենք բացում, որը բերելու է երկարատև բացասական հետևանքների»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: