Կառավարության տնտեսական և սոցիալական ծրագրերը ոչ այլ ինչ են, քան գլուխկոտրուկ, հանելուկ կամ իմիտացիա

Չի՞ նշանակում արդյոք, որ մենք գործ ունենք նաև անարդար դրսևորումների հետ

Որոշել եմ, ըստ հերթականության, հանրության ուշադրությանը ներկայացնել ՀՀ կառավարության կողմից սահմանված՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման բոլոր այն տնտեսական և սոցիալական ծրագրերի հակիրճ վերլուծությունը, որոնք կարելի է որակել ոչ այլ ինչ, քան գլուխկոտրուկ, հանելուկ, վերջապես աջակցության իմիտացիա և այլն․․․․․, սկսեմ հետևյալից․


1. Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառում․

Շահառու են հանդիսանում մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքները․ օժանդակության ձևը՝ միանվագ մեկանգամյա աջակցություն յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար 100.000 դրամի չափով։ Առկա են հետևյալ ֆիլտրերը (զտիչները) կամ պայմանները․

• ԾՆՈՂԸ ԿԱՄ ԾՆՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ կորցրել է գրանցված աշխատանքը
• Վերը նշված գրանցված աշխատանքը պետք է կորցրած լինեն մարտի 13-25 ընկած ժամանակահատվածում
• Մարտի 25-ի դրությամբ պետք է ԾՆՈՂՆԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԸ աշխատանք ունեցած չլինի
• Աշխատանքից ազատվելուն նախորդող երկու ամիսների ընթացքում միջին ամսական աշխատավարձի չափը պետք է գերազանցած չլինի 500.000 դրամը


Առնվազն առաջանում են հետևյալ հարցերը․

Ա) եթե պայմաններից մեկի համաձայն գրանցված աշխատանքը պետք է կորցրած լինի, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ծնողը կամ ծնողներից մեկը, ապա ինչպե՞ս է մեկ այլ պայմանով սահմանված, որ մարտի 25-ի դրությամբ պետք է ԾՆՈՂՆԵՐԻՑ ՈՉ մեկը աշխատանք ունեցած չլինի․ ակնհայտ հակասական պայմաններ են:

Փաստորեն ստացվում է, որ երկու ծնողներն էլ պետք է կորցրած լինեն գրանցված աշխատանքը, այլ ոչ թե, ըստ սահմանված պայմանի, ըստ էության կարող է ծնողներից մեկը կորցրած լինել գրանցված աշխատանքը։

Բ) ի՞նչ տրամաբանությամբ է սահմանված անչափահաս երեխայի տարիքը՝ մինչև 14 տարեկան․ իսկ եթե ընդունենք, որ ընտանիքը համապատասխանում է բոլոր պայմաններին, սակայն երեխան 15 տարեկան է, դա նշանակում է, որ այդ ընտանիքը ի վիճակի՞ է հաղթահարել կորոնավիրուսի սոցիալական հետևանքները կամ գտնվում է բարենպաստ վիճակու՞մ, ի՞նչ տարբերություն, գուցե տրամաբանական լիներ երեխայի տարիքը սահմանել մինչև 18 տարեկան (տրամաբանությունը՝ մինչև չափահաս դառնալը)

Գ) Ի՞նչ տրամաբանությամբ է որոշված աշխատանքը կորցրած լինելու ժամանակահատվածը (մարտի 13-25)․ ընդունենք ընտանիքը ունի մինչև 14 տարեկան երեխա և երկու ծնողներն էլ մարտի 25-ի դրությամբ աշխատանք չեն ունեցել, սակայն նրանք գրանցված աշխատանքը կորցրել են մարտի 12-ին․ հարց․ դա նշանակում է, որ այդ ընտանիքը ի վիճակի՞ է հաղթահարել կորոնավիրուսի սոցիալական հետևանքները կամ ունի՞ որևէ առավելություն, ենթադրենք մարտի 13-ին աշխատանքը կորցրած ընտանիքի համեմատ

Դ) Ընդունենք որևէ ընտանիք ամբողջությամբ համապատասխանում է վերը նշված բոլոր պայմաններին, սակայն ինչ ինչ պատճառներով ընտանիքի երկու ծնողներն էլ սահմանված ժամանակահատվածում աշխատանքից ազատվել են ԻՐԵՆՑ ԿԱՄՔՈՎ, օրինակ չեն ցանկացել աշխատել, քանի որ ունեցել են բավարար խնայողություններ։

Չի՞ նշանակում արդյոք, որ մենք գործ ունենք նաև անարդար դրսևորումների հետ։

Շարունակելի


Հայկ ՖԱՐՄԱՆՅԱՆ
«Մեկ Հայաստան» կուսակցության Քաղխորհրդի անդամ,
տ․գ․թ․,դոցենտ