Կստեղծենք Ներքին գործերի նախարարություն. Փաշինյան

Վարչապետը նշեց, որ Պարեկային ծառայության ամբողջ ենթակառուցվածքը պետք է լինի ամբողջությամբ նոր՝ սկսած տեխնիկական միջոցներից, ավտոմեքենաներից, հագուստից

Մենք խնդիր ենք դրել, որ արդեն 2021 թվականի առաջին եռամսյակում ունենանք նոր Պարեկային ծառայություն, ինչը նշանակում է, որ ոստիկանության ամբողջ արտաքին ծառայությունը, պետք է ամբողջությամբ փոխվի, ընդ որում պետք է փոխվի ինչպես ձևով, այնպես էլ՝ բովանդակությամբ: Կառավարության նիստին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ասաց, որ դրա առաջին փուլը կրթական փուլն է. «Մեր նախնական պայմանավորվածությամբ այն պետք է մեկնարկեր ապրիլից, սակայն կորոնավիրուսի պատճառով մի քիչ հետաձգվեց»:

Վարչապետը նշեց, որ Պարեկային ծառայության ամբողջ ենթակառուցվածքը պետք է լինի ամբողջությամբ նոր՝ սկսած տեխնիկական միջոցներից, ավտոմեքենաներից, հագուստից. «Երկրորդ փուլում մենք կստեղծենք Ներքին գործերի նախարարություն: Հետագա ամբողջ քաղաքականությունը կիրականացնի ՆԳ նախարարությունը»:

Փաշինյանի խոսքերով, ՆԳՆ ստեղծելու հարցում մշտապես կոնֆլիկտ է եղել խնդրի քաղաքական և զինվորական մասի բովանդակությունների միջև. «Խնդիր է եղել այնպես անել, որ զինվորական ծառայությունը դուրս լինի քաղաքական ազդեցություններից:

Ի վերջո մենք հրաժարվել ենք այն տրամաբանությունից, որ հնարավորություն ստանանք քաղաքացիական անձանց նշանակել ոստիկանությունում, առավել ևս՝ ղեկավարի կարգավիճակով: Բայց մյուս կողմից ունենք իրավիճակ, երբ ոստիկանությունը ոլորտում քաղաքականություն մշակող մարմին չէ:

Այս կոնֆլիկտը լուծելու համար մենք որոշեցինք, որ կունենանք Ներքին գործերի նախարարություն:

Այստեղ քաղաքական և քաղաքացիական հատվածը հստակ կտարանջատվի զինվորական հատվածից: ՀՀ Ոստիկանությունը կլինի հատուկ հարաբերությունների մեջ ՆԳՆ-ի հետ, կլինի դրա կազմում: Այդ հարաբերությունները կլինեն մոտավորապես այնպիսին, ինչպիսին է ՊՆ-ի և Գլխավոր շտաբի միջև հարաբերությունները»: