Ով որ կհամաձայնվի փուլային տարբերակին, կկրկնի 98–ին այն քարոզողի ճակատագիրը

Մենք անվտանգության գոտի կամ Արցախի շուրջ շրջաններ չունենք․ սակարկման ենթակա տարածքներ չունենք

«Պետք է այս թեմայով արտահայտվեն նաև Արցախի խորհրդարանական խմբակցությունները, բոլոր այն մարդիկ, ովքեր հրապարակային դաշտում են գործում։ Պետք է բոլորը խոսեն առանց ձևականությունների և լղոզվածության», այս մասին news.am-ի հետ զրուցի ժամանակ ասաց Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Վիտալի Բալասանյանը՝ մեկնաբանեալով ՌԴ արտգործնախարար Լավրովի սենսացիոն հայտարարությունը՝ կապված Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ Ղարաբաղի խնդրի լուծման փուլային տարբերակի քննարկմանը, ըստ որի՝ հայկական կողմը պետք է զիջի տարածքներ՝ հետագայում ակնկալելով տրանսպորտային ուղիների ապաշրջափակում։

Բալասանյանը նաև հավելեց․ «Ինձ համար մեկ բան հստակ է՝ մենք 1997–1998–ին մերժել ենք չարաբաստիկ փուլային տարբերակը։ Այն ժամանակվանից մինչև հիմա ոչինչ չի փոխվել։ Տարածքներ խաղաղության կամ բաց կոմունիկացիաների դիմաց բանաձևն անընդունելի է։ Մենք անվտանգության գոտի կամ Արցախի շուրջ շրջաններ չունենք։ Սակարկման ենթակա տարածքներ չունենք։ 

Հայ ժողովուրդը գծել է Արցախի սահմանները պատերազմի միջոցով և հետագայում արցախահայությունը սահմանադրորեն ամրագրել է այն։

Ով որ իր համաձայնությունը կտա կապիտուլյացիայի տանող փուլային տարբերակին, կկրկնի 1998–ին այն քարոզողի ճակատագիրը։ Հաղթանակը չի՛ վաճառվում»։