Աշխատողները լսել են վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերը, եկել աշխատանքի ու տուգանվել 100.000 դրամով. ֆաբրիկայի տնօրեն

Ոստիկաններն էլ եկան, թե՝ աշխատանքային թերթիկներ չունեք, ու տուգանեցին՝ իհարկե, ոչ բոլորին, մոտ 20-30 հոգու

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները լսել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը, թե ապրիլի 20-ից վերականգնվելու է տեսքստիլի աշխատանքը, այսօր եկել են աշխատանքի, բայց քանի որ դեռ պարետի  համապատասխան որոշումը չկա, ոստիկանները մտան արտադրամաս ու տուգանեցին աշխատակիցներին՝ 100-հազարական դրամներով, քանի որ նրանք չունեին գործատուի կողմից տրված աշխատանքային թերթիկ:

168.am-ի հետ զրույցում ասաց «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատիոն Դարբինյանը:

«Պատկերացնո՞ւմ եք՝ 2600 աշխատակից ունեցող հիմնարկ է սա, աշխատողները լսել են վարչապետի ուղիղ եթերը, թե ամսի 20-ից սահմանափակումները մեր մասով հանվելու են, ու այսօր եկել են աշխատանքի: Չկարողացա նրանց արտադրամասից դուրս հանեմ, ասում են՝ թող աշխատենք, որ հացի փող վաստակենք:

Ոստիկաններն էլ եկան, թե՝ աշխատանքային թերթիկներ չունեք, ու տուգանեցին՝ իհարկե, ոչ բոլորին, մոտ 20-30 հոգու: Անելանելի վիճակ է ստեղծվել. մի կողմից՝ աշխատողները պահանջում են, որ աշխատեն, մյուս կողմից՝ պարետի այդ որոշումը դեռ չկա»,- մեզ հետ զրույցում պատմեց Դարբինյանը:

Նրա խոսքով՝   կարի ֆաբրիկայի 2600 աշխատողը չի վճարվել հարկադիր պարապուրդի համար:

«Փող ունե՞նք, որ վճարենք. ֆորսմաժորային իրավիճակ է, չաշխատած օրերի համար չենք վճարել, դրա համար 80-120 հազար դրամ ստացող աշխատակիցների համար  ամեն մի օրն էլ շատ կարևոր է: Ես հասկանում եմ ֆաբրիկայի աշխատակիցներին, որոնք ուղղակի ճար չունեն, բայց կրկնում եմ՝ պետք է սպասենք պարետի որոշմանը, այլ բան չեմ կարող անել»,- ասաց մեր զրուցակիցը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում