Հակաճգնաժամային ծրագիրը կա, բայց դա չի աշխատում

Կառավարության առաջարկած հակաճգնաժամային փաթեթներում վարչարարական շատ մեծ բարդություններ կան

Կառավարության առաջարկած հակաճգնաժամային փաթեթներում վարչարարական շատ մեծ բարդություններ կան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Ես զերծ կմնամ Կառավարության ներկայացրած ծրագրերը գովելուց կամ քննադատելուց, որովհետև հիմա ժամանակը չէ: Մենք անպայման կանդրադառնանք այդ ծրագրերի էֆեկտիվությանը, երբ այս ամենը կավարտվի, սակայն կարող եմ ասել այն դժգոհության մասին, որոնք արտահայտվում են հանրության մոտ: Առաջինը, անհասկանալի են ծրագրերի պայմանները, մարդիկ բարդ վարչարարության են հանդիպում: Ստացվում է մի իրավիճակ, որ ծրագիրը կա, բայց ցավոք դա չի աշխատում»,- նշեց պատգամավորը:

Արման Աբովյանը համոզված է՝ իշխանությունները ևս ահազանգեր ստանում են քաղաքացիների դժգոհությունների մասին:

«Թող մտնեն սոցցանցեր, տեսնեն՝ ինչ է կատարվում: Մենք կարող ենք, օրինակ, 186 ծրագիր գրենք, բայց եթե գոյություն ունեն վարչարարական բարդություններ և այդ ծրագրերը փաստացի անհասկանալի են այն մարդկանց համար, ովքեր կարող են օգտվել, ապա ցավոք, էֆեկտիվությունը նվազում է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ արտակարգ դրության, սահմանափակումների հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների համար ՀՀ կառավարությունը ներկայացրել է 13 հակաճգնաժամային միջոցառում, որոնք ունեն սոցիալական և տնտեսական բնույթ:

«Պարոն Ծառուկյանը, «Բարգավաճ Հայաստանը» բազմիցս նշել ենք, որ հարցերը պետք է լուծվեն գլոբալ, որովհետև հատվածային լուծումները բերում են հատվածային էֆեկտի, որն ընդհանրապես պետք չէ: Եթե գլոբալ չլուծվեն հարցերը, ոչ մի բան էլ չի փոխվի»,- ասաց Արման Աբովյանը:

Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն Կառավարությանը ներկայացրել է ստեղծված իրավիճակի գլոբալ լուծումները՝ 7 առաջարկով: Դրանք վերաբերում են օրավարձով ախատողներին, վարկառուներին, բիզնեսին:

«Այս կետերն առաջին հերթին վերաբերում են մարդկանց սոցիալական վիճակին: Ներկայացված են անհրաժեշտ քայլերը, գործողությունները, տնտեսական ոլորտում հստակ ծրագրային դրույթները: Այդտեղ քայլերի շատ պարզ և հստակ տրամաբանությունը կա»,- հայտնեց պատգամավորը: