Նրան մեղադրանք առաջադրված չէ

Սարգսյանի և Կճոյանի ընկեր Աշոտ Սուքիասյանը նոր Հայաստանում արդարացվեց

Երբ այս տարվա փետրվարի սկզբին «Օֆշորի» գործով 16 տարվա ազատազրկման դատապարտված  ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացված բողոքի քննության արդյունքում  արդարացվեց ու ազատ արձակվեց, տուժող Փայլակ Հայրապետյանը, ով տարիներ առաջ՝ Սուքիասյանի դատավճռից հետո ցանկություն էր հայտնել, որ նա դատապարտվեր  ազգի դավաճանի հոդվածով, զարմացած այն փաստից, որ փաստորեն, Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի ընկեր Աշոտ Սուքիասյանը նոր Հայաստանում արդարացվեց, մեզ հետ զրույցում ասաց․ «Նրա պաշտպանը Սարգսյանն ա Տիգրան, Կճոյանը, ես ո՞վ եմ»։

Հարցին, թե կարծում եք նախկին վարչապե՞տն է օգնում, ասաց՝ բա իհարկե։ Իսկ Կճոյա՞նը։ «Տերտերը», ում մասին այդպես արտահայտվեց Փայլակ Հայրապետյանը հիմա էլ այդ թափն ունի, կարող է», -այն ժամանակ ասել էր Փայլակ Հայրապետյանը։

Փաստորեն, նա սխալվում էր, որովհետև ըստ մամուլի այդպես էլ չհերքված տեղեկությունների՝ Սուքիասյանը Կճոյանի դեմ ցուցմունք է տվել և միգուցե այստե՞ղ փնտրել Սուքիասյանի ազատ արձակման գաղտնիքը։

Մենք զրուցեցինք Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի պաշտպան Հովիկ Արսենյանի հետ, ով հարցին, թե Սուքիասյանը ցուցմունք տվե՞լ է իր պաշտպանյալի դեմ, ասաց․ «Դե ինչ պե՞տք է ցուցմունք տա, Աշոտը չի կարա չգիտես ինչեր իրենից հնարի, չէ․․ դրա հետ խնդիր չկա, դրա հետ չի կապված ավելի շատ․․ այլ, էդ որ հիմնադրել են էդ ընկերությունը, հենց հենքանով էն փաստը, որ բա՜, գիտեք, Կճոյանն էլ ա բաժնեմասի տեր, էդ հիմքով են բռնել, էդ հոդվածները դրել»։

Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանին, ապա Արսենյանն ասաց․ «Նույն վիճակն էլ նա ա, բայց նրան մեղադրանք առաջադրված չէ»։ Նա նաև նշեց, որ Սրբազանն ու Աշոտ Սուքիասյանը 2013-ից այս կողմ չեն հանդիպել։ Այլ մանրամասներ նախաքննական գաղտնիք չհաղորդելու մասին ստորագրություն տված փաստաբանը չհայտնեց։

Ավելի վաղ նա նաև հայտնել է, որ Կճոյանն իր դեմ առաջադրված մեղադրանքը չի ընդունում և այն համարում է շինծու։

Հիշեցնենք, որ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրանք է առաջադրվել օֆշորի աղմկահարույց գործով։ Շուրջ 10  տարի է՝ ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել բանկում, որն այն գնահատել է 33 միլիոն դոլար եւ դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Վերջինը, պայմանավորվածության համաձայն, այդ գումարը Աֆրիկայում ոսկու եւ ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին, իսկ Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում