ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը
աած

ՀՀ ԱԱԾ-ն, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում, ԱԱԾ քննչական դեպարտամետում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2020թ. ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին:

Ստացված փաստական տվյալների համաձայն, վերջինս, 2010թ. ամռանն իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ՝ իբրև Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրում կատարելու դեպքում արտադրողականությունը բարձրացնելու, արդյունահանված ադամանդի հումքը ՀՀ-ում վերամշակելու և վաճառքի հանելու մտածածին պատրվակով, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին հիշյալ ներդրումը կատարելու հարցում, այնուհետև ձեռք են բերել վերջինիս ու նրա մերձավորներին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 11.442.068.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ, մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, դրանց գրավադրմամբ ՀՀ առևտրային բանկից 2010թ. հունիսի 28-ից մինչև 2011թ. հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ստացել և անարգել տնօրինել են 3.664.175.000 ՀՀ դրամին համարժեք 9 միլիոն ԱՄՆ դոլար և 361.500.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկային միջոցներ, մի շարք բանկային և առևտրային գործարքներով, փոխանցումներով, փոխարկումներով թաքցնելով և խեղաթյուրելով դրանց ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը:

Հանցավոր եղանակով ստացված եկամուտներն օրինականացնելու համար օգտագործվել է հանցավոր խմբի անդամների կողմից նախապես՝ 2010թ. գարնանը, օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը, որի 33 տոկոսով բաժնեմասը պատկանել է եկեղեցու հիշյալ սպասավորին:

Վերը նշված հանցագործությունները բացահայտվելուց հետո, 2013 թվականի ընթացքում նշված հոգևորականը, օգնելու խոստումներ տալով, համոզել է հետախուզման մեջ գտնվող հանցակցին ստանձնել ամբողջ պատասխանատվությունը և հանցագործությանն իր մասնակից լինելու ապացույցները կեղծելուն կամ ոչնչացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկել:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործության կատարմանը ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու, պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: