Այսօր նշում եմ՝ ՀՀ արդարադատության համակարգի գործունեությունը կասկածի տակ չենք դնում. Ա․ Հարությունյան

Ես չեմ ուզում գնահատական տալ Հայաստանի արդարդատական համակարգի գործունեությանը

Մինչև Ձեր կողմից նշված անձանց միջնորդությունները, «Ազատ հայրենիք» կուսակցությունը վաղուց նման հայտարարությամբ հանդես է եկել: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Tert.am-ի հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցի հետ կապված՝ հաշվի առնելով այն փաստը, որ Արցախի նախկին երկու նախագահները նման միջնորդությամբ են հանդես եկել, բացի այդ, միջնորդությամբ հանդես են եկել նաև ՀՀ 3 նախկին և ԱՀ մեկ նախկին վարչապետներ:

«Մինչև այդ մարդկանց միջնորդություն ներկայացնելը, «Ազատ հայրենիք» կուսակցությունը վաղուց նման հայտարարությամբ հանդես է եկել, մենք դիմել ենք այն ժամանակ Դատախազությանը, եթե հնարավոր է, խափանման միջոցը փոփոխել: «Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավորները նույնիսկ ստորագրություններ են հավաքել, բայց ուզում եմ նաև այսօր հայտարարել՝ մենք երբևէ Հայաստանի արդարադատության համակարգի գործունեությունը կասկածի տակ չենք դրել»,- նշեց նա:

Արայիկ Հարությունյանը շեշտեց՝ երբ պետք էր, իրենք հայտարարել են, այն ժամանակ իրենց կողմից միջնորդություն եղել է, բայց այսօր նշում է՝ կա Հայաստանում արդարադատական համակարգ, և նրանց որոշելիքն է. «Ես չեմ ուզում գնահատական տալ Հայաստանի արդարդատական համակարգի գործունեությանը»,- եզրափակեց նա: