Բանկային գաղտնիք այլևս չկա, իշխանությունն անգիր գիտի՝ ով ինչքան գումար ունի բանկերում

Նախագծով առաջարկվում է իրավապահ մարմիններին, ՏՄՊՊՀ-ին և ՊԵԿ-ին հասանելիություն տրամադրել բաժնետոմսերի և դրանց սեփականտերերի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիայի

Հայաստանում, կարելի է ասել, այլևս բանկային գաղտնիք չկա: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Իշխանությունն անգիր գիտի՝ ով ինչքան գումար ունի բանկերում, ով է ներդրում անելու Հայաստանում»,-ասաց նա: Նա անդրադարձավ կառավարության հետ հարց ու պատասխաններից մեկի ժամանակ վարչապետի պատասխանին՝ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին: Նա մասնավորապես հարց բարձրացրեց, թե որտեղից գիտի վարչապետը, թե Տիգրան Ուրիխանյանի շրջապատում ով ավանդ ունի: Դահլիճում արձագանքեցին, թե թերթերում են գրել, իսկ Մարուքյանն ասաց.«Ո՞ր թերթում են գրել, կարող է՞ «Հայկակական ժամանակ»-ում են գրել»:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ այս նախաձեռնությունը վատ տեղ է տանում: «Այս ճանապարհով մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու, ներդրումներ չենք ունենալու, վտանգի տակ ենք դնելու ներդրումային միջավայրը»,-ասաց նա:

Նշենք, որ  նախագծով առաջարկվում է իրավապահ մարմիններին, ՏՄՊՊՀ-ին և ՊԵԿ-ին հասանելիություն տրամադրել բաժնետոմսերի և դրանց սեփականտերերի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիայի: