Ավիացիայում ամենավատ դեպքը վթարն է. Տաթևիկ Ռևազյան

Ռևազյանը հայտնեց, որ Հայաստանի պատմության մեջ սա EASA-ի ներկայացուցիչների առաջին այցն է, հետեւաբար, թե Հայաստանը, թե եվրոպական այդ կառույցի ներկայացուցիչները չունեն համեմատելու համար բազա

Մենք Թռիչքների անվտանգության եվրոպական գործակալության՝ EASA-ի զեկույցի վերաբերյալ մեր դիտողություններն ուղարկել ենք ապրիլի 6-ին, իրենք կնայեն մեր դիտողությունները, կհասկանան՝ որը հաշվի առնեն, որը հաշվի չեն առնի, եւ դա կներկայացնեն ԵՄ երկրներին: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ուղիղ տեսակապի ժամանակ Դանիայից հայտարարեց Քաղաքավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ հավելելով, որ վերջնական որոշում կայացնողը ԵՄ երկրներն են, իսկ որոշումը կայացվելու է մայիսին:

«Ի վերջո մենք ուրախ ենք, որ խնդիրները այս փուլում հասկացել ենք, որովհետեւ ավիացիայում ամենավատ դեպքը վթարն է: Մենք հիմա լավ դիրքում ենք այն առումով, որ բանը չի հասել նրան, որ լուրջ հետեւանքներ պարունակող իրավիճակ ունենանք: Շատ լավ է, որ դիմել են, շատ լավ է, որ իմացել ենք այս ամենը եւ հիմա խնդիրները լուծելու ենք»,-ասաց Ռեւազյանը՝ հավելելով, որ EASA-ի զեկույցում ներկայացված 42 դիտողություններից 18-ը իրենք ջնջել են եւ բացատրել, թե ինչու ենք ջնջել:

Ռևազյանը հայտնեց, որ Հայաստանի պատմության մեջ սա EASA-ի ներկայացուցիչների առաջին այցն է, հետեւաբար, թե Հայաստանը, թե եվրոպական այդ կառույցի ներկայացուցիչները չունեն համեմատելու համար բազա: